Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք․ ձեզ խաբում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացի Արամ Գևորգյանը։
«Այն նույն Red Store-ը, որը սևով աշխատելու պատճառով Նիկոլի հրահանգով փակվեց մի քանի օր, հիմա էլ նոր «քանցերտներ» է տալիս։ Ուրեմն մարտի 8-ին, որպես նվեր, iPhone 14 եմ գնում իրենց Կոմիտասի մասնաճյուղից։ Բնականաբար ենթադրում էի, որ փակ տուփ է, չօգտագործած։ Միացնում են, ստուգում, կարծես թե՝ օկեյ է։
Հեռախոսը eSIM քարտային տարբերակով է, ու դա ակտիվացնելու համար պետք է գնաս բջջային կապի օպերատորի գրասենյակ։ Գնում ենք գրասենյակ, որ ակտիվացնեն, և ինձ ասում են, որ հեռախոսի վրա արդեն ակտիվ ամերիկյան eSIM կա, հեռախոսն էլ միացվել ու ակտիվացվել է 2025 թվականի հոկտեմբերին (եթե ինչ, ես գնել եմ «փակ տուփով» տարբերակը)։
Սա էլ դեռ ամենը չէ․ մեկ էլ տեսնում ենք, որ այդ համարին, Ամերիկայից, բաց թողնված զանգ կա Թենեսի նահանգից։ Զանգում եմ Կոմիտասի մասնաճյուղ, լսում են խնդիրը, ասում են, որ մենեջերը ձեզ կզանգի։ Անցնում է մոտ 1 ժամ, բայց չեն զանգահարում։
Գրում եմ սեփականատիրոջը՝ Արման Գյուրջիյանին, ներկայացնում խնդիրը, պատասխանում է, որ կփոխանցի տնօրենին, եթե թերացել են, կշտկեն։ Հետո զանգում է մենեջերը և փորձում համոզել, որ նորմալ է, որ Ամերիկայից եկած հեռախոսի մեջ հնարավոր է այլ քարտ լինի։ Երբ ասում եմ, որ այդ համարին զանգ էլ կա, նոր ընդունում է, որ խնդիր կա։
Մի խոսքով, հրավիրում են, գնում եմ, հանդիպում եմ տնօրեն Համլետի հետ։ Համլետը խոստանում է, որ զրոյական վիճակով նոր iPhone 14 կգտնի և կփոխարինեն։ Ասում եմ՝ լավ։
Հաջորդ օրը զանգում և ասում է, որ «կներես», բայց այդպես էլ չգտա նման հեռախոս․ կարող ենք մեր ցանցում առկա այլ 14-ով փոխարինենք, հետն էլ կոճ, պաշտպանիչ ապակի ու պատյան նվեր կփոխանցեն։
Եվ ի՞նչ եք կարծում․ ե՞րբ է ակտիվացված/միացված այդ «նոր» հեռախոսը։ Ճիշտ է, 2025 թվականի հոկտեմբերին, բայց մարտկոցը 100% է։ Ինձ թվում է, այս խանութում ոչ մի փակ տուփով հեռախոս էլ իրականում չկա։
Հեռախոսը վերցնում եմ, որովհետև շատ անհրաժեշտ էր, բայց տեղեկացնում եմ, որ սա ճիշտ չէ․ փաստացի մարդը վճարում է փակ տուփով, չմիացված հեռախոսի համար, բայց ստանում ոչ միայն միացրած, այլ նաև վրեն բաց թողնված զանգերով հեռախոս։
Կարո՞ղ եմ ենթադրել, որ այդ հեռախոսը հնարավոր է գողացված լիներ ԱՄՆ-ում և տերն է ուրիշ համարից զանգել։ Կարող եմ։
Կարո՞ղ եմ ենթադրել, որ ԱՄՆ-ում օգտագործել են մի քանի ամիս, հետո ինչ-ինչ ճանապարհներով հասել է Հայաստան և այստեղ՝ Red Store-ում, «նոր շունչ» ստացել։ Կարող եմ։
Խորհուրդս ձեզ․ եթե այլ տարբերակ չունեք, մաքսիմալ ուշադիր եղեք այս խանութից գնումներ կատարելիս, որովհետև այստեղ ձեզ ամեն քայլափոխի խաբում են»։
