Բելառուսական տելեգրամյան ալիքը թիրախավորել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը հակառուսական կեղծ խոսույթով

Տելեգրամյան Шкварка 2.0 ալիքը, որն, իր իսկ նկարագրությամբ, Բելառուսից է եւ ներկայացնում է ստուգված փաստեր անանունության սկզբունքով, կեղծ տեղեկություններ է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի վերաբերյալ:

Նկատենք, որ մարտի 9-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ամսի 10-ին մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մարտի 11-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, հանդես է եկել ելույթով:

Բելառուսական տելեգրամյան ալիքը ներկայացրել է ֆրանսիական մի շարք հայտնի պարբերականների առաջին էջեր, որոնցում իբր անդրադարձ է կատարվել Փաշինյանի այցին:

Օրինակ՝ Liberation-ի մարտի 10-ի համարի ենթադրյալ առաջին էջում ներկայացվել է Փաշինյան-Մակրոն ձեռքսեղմումը՝ հետեւյալ գլխագրով. «Մակրոնը Փաշինյանին դրդում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի: Փոքրիկ դավադիրը ժամանել է Ֆրանսիա: Փաշինյանը շարունակում է փորձել Մակրոնից ստանալ լավագույն գործարքը, որպեսզի Ռուսաստանի հետ կոնֆլիկտ հրահրի»:

Ընդ որում՝ ներկայացվել է 2025 թ. մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Մակրոն հանդիպման լուսանկար:

Իրականում Liberation-ի մարտի 10-ի համարի առաջին էջը նվիրված է բոլորովին այլ թեմայի: Թերթի կայքում ներկայացված է տպագիր տարբերակի արխիվը, որտեղ էլ կարելի է տեսնել, թե ինչ տեսք ունի ամսի 10-ի համարի առաջին էջը: Այդ էջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարն է, իսկ կից գլխագիրն Իրանի դեմ ընթացող պատերազմի եւ դրա հետեւանքով նավթի գների աճի մասին է, ինչը հանգեցրել է համաշխարհային տնտեսության անկայունության: Liberation-ի մարտի 10-ի համարի առաջին էջում կարճ անոնս անգամ չկա Փաշինյան-Մակրոն հանդիպման մասին:

Մարտի 10-ի Liberation-ի կեղծ եւ իրական առաջին էջերը

Բելառուսական տելեգրամյան ալիքը ներկայացրել է նաեւ Ֆրանսիայի հրեական համայնքի Actuj (ամբողջական անունը՝ Actualité juive, թարգմանաբար՝ «Հրեական նորություններ») շաբաթաթերթի մարտի 5-ի համարը, որտեղ կրկին Մակրոնն ու Փաշինյանն են: Նկարի գլխագիրն է. «Մակրոնը ցանկանում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Ի՞նչ է խոստանում Մակրոնը Փաշինյանին Մոսկվայի հետ ռազմական կոնֆլիկտ հրահրելու դիմաց»:

Այստեղ էլ ներկայացվել է լուսանկար 2019 թ. նոյեմբերի 12-ին Փարիզում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպումից:

Իրականում Actuj-ի մարտի 5-ի համարը (շաբաթաթերթի տպագիր տարբերակի արխիվը՝ այստեղ), որը բելառուսական տելեգրամյան ալիքում ներկայացվել է Փաշինյան-Մակրոն թեմայով, բոլորովին այլ տեսքով առաջին էջ ունի: Այնտեղ Իրանի դեմ պատերազմն է՝ ալաթոլլահ Խամենեի սպանության եւ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության նշանակության մասին գլխագրով:

Մարտի 5-ի Actuj-ի կեղծ եւ իրական առաջին էջերը

Шкварка 2.0 ալիքի ներկայացրած երրորդ ֆրանսիական լրատվամիջոցը Le Parisien-ն է, որի մարտի 10-ի համարի առաջին էջում իբր Փաշինյան-Մակրոն հանդիպման լուսանկար է՝ հետեւյալ գլխագրով. «Ֆրանսիայում տեղի են ունենում Հայաստանում կայանալիք ընտրությունների վերջին նախապատրաստական աշխատանքները: Մակրոնն ընտրություններից հետո երաշխավորում է իր աջակցությունը Փաշինյանին, եթե վերջինս պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ»:

Այստեղ էլ ներկայացվել է լուսանկար 2024 թ. փետրվարի 22-ին Փարիզում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպումից:

Ինչ վերաբերում է Le Parisien-ի մարտի 10-ի տպագիր համարին (օրաթերթի տպագիր տարբերակի արխիվն՝ այստեղ), ապա դրա առաջին էջի հիմնական լուսանկարը ոչ թե Փաշինյան-Մակրոն հանդիպման մասին է, այլ վառելիքի գների աճի: Այս էջում որեւէ լուր կամ անոնս չկա Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման մասին:

Մարտի 10-ի Le Parisien-ի կեղծ եւ իրական առաջին էջերը

Այսպիսով՝ իբր թե ստուգված փաստեր ներկայացնող բելառուսական Шкварка 2.0 տելեգրամյան ալիքը ակնհայտորեն ձեւափոխված, խմբագրված պատկերներ է ներկայացրել ֆրանսիական 3 պարբերականներից՝ թիրախավորելով Փաշինյան-Մակրոն վերջին հանդիպումը հակառուսական շինծու խոսույթով:

Ո՞վ է կանգնած Шкварка 2.0-ի հետեւում

Шкварка 2.0 ալիքի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն բացվել է 2021-ի հուլիսին, սակայն ներկա անունով հանդես է գալիս 2023-ի սեպտեմբերից: Ալիքի նախկին անունից եւ նկարագրությունից պարզ է դառնում, որ այն առնվազն մինչեւ 2023-ի սեպտեմբեր (չի բացառվում՝ նաեւ դրանից հետո) պատկանել է բելառուսական «Մինսկայա պրավդա» (Минская правда) թերթի լրագրող Ելենա Կուրխինենին:

2022 թ. սեպտեմբերին Կուրխինենին ազատել են աշխատանքից, ինչի մասին սոցցանցային իր էջում (հասանելի չէ) հրապարակավ հայտնել է լրագրողը: Բելառուսական մամուլը, վերարտադրելով Կուրխինենի ներկայացրածը, գրել է, որ լրագրողը բողոքել է, թե իրեն դավադրաբար հարվածել են թիկունքից, քանի որ 2020-ից աջակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ամենուր «ցուցադրել է ակտիվ դիրքորոշում»՝ մասնակցելով հնարավոր բոլոր պրոիշխանական ակցիաներին եւ պայքարելով ազգային խորհրդանիշներով:

Բելառուսական «Նաշա Նիվա»-ն գրել է, որ Կուրխինենը հայտնի է բելառուսական քաղաքներով իր ճամփորդությունների տեսանյութերով, որոնց ընթացքում հարցազրույցներ է վերցրել տեղի բնակիչներից տարբեր թեմաներով՝ սեփական իշխանության հանդեպ մարդկանց վերաբերմունքից մինչեւ «Արեւմուտքում ԼԳԲՏ քարոզչություն»։ Ըստ «Նաշա Նիվա»-ի՝ հարցազրույցների ընթացքում Կուրխինենը պարզապես չի լսել հարցազրույց տվողներին, այլ տվել է ուղղորդող հարցեր եւ իր մեկնաբանություններով մարդկանց դրդել է տալ «ճիշտ» պատասխաններ։ Խոսուն է «Նաշա Նիվա»-ի վերնագիրը Կուրխինենի ազատման մասին. «Օդիոզ քարոզչուհուն հեռացրել են «Մինսկայա պրավդա»-ից»:

Առաջին լուսանկարում՝ Փաշինյան-Մակրոն հանդիպում Փարիզում, 10.03.2026 (primeminister.am)



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment