Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է, հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով թանգարան-ինստիտուտին։
Թանգարան-ինստիտուտից մանրամասնել են, որ դիմումի հաստատման վերաբերյալ իրավական ակտ դեռ չկա։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրա փոխարեն թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրաչյա Թաշչյանը։
Մարտի 7-ին «Հրապարակը» գրել էր, որ տնօրենին ազատելու բուն առիթը Արցախի թեմայի արծարծումն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գրքեր նվիրելն էր։ Իսկ թանգարան-ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Արցախ է գրված։
«Ազատությունը» հայտնում է, որ ըստ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների, Գզոյանին ԿԳՄՍ նախարարությունից են ստիպել դիմում գրել՝ հեռանալ։ Օրեր առաջ բոլոր՝ 74 աշխատակիցները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։
Թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը նշել է, որ տնօրենին շինարարության պատրվակով, բայց այլ պատճառով են տնօրենին հորդորել դիմում գրել:
Լրատվականը նշում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կանոնավոր այցելում ու հետևում է շինարարության ընթացքին, լուսանկարներում միշտ երևում էր նաև թանգարան-ինստիտուտի տնօրենը։ «Նրան նախարարի կողքին այլևս չենք տեսնում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։
Փաշինյանը, ավելի ուշ անդրադառնալով Վենսի՝ հուշահամալիր կատարած այցի արարողակարգային մասին, ասել էր․ «Տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի չունենային, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է»:
Թանգարանի հոգաբարձուների խորհուրդը գլխավորող ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը նույնպես վայր է դրել լիազորությունները, ըստ թանգարան-ինստիտուտի աշխատակիցների՝ խորհրդի մի քանի անդամներ նույնպես։ Նոր տնօրենին ընտրում է 15 հոգանոց այս խորհուրդը։ Փաշինյանը մարտի 6-ի որոշմամբ արդեն իսկ համալրել է խորհրդի կազմը նոր անուններով։
