ԿԸՀ-ն ներկայացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության չափանիշները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր՝ մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում, ներկայացրել է 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար սահմանված նոր ֆինանսական և իրավական պահանջները, ինչպես նաև պարզաբանել կեղծ տեղեկատվության դեմ պայքարի և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումների վերաբերյալ ԿԸՀ դիրքորոշումը։

Նա նաև անդրադարձել է ընտրատեղամասերում տեսահսկման ծավալների ընդլայնմանը և մեկնաբանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցման հնարավոր խոչընդոտների և նախընտրական շրջանում կենսաթոշակների բարձրացման շուրջ քննարկումներին, հնարավոր
վարչական ռեսուրսի չարաշահման խնդրին:

Նոր ընտրական շեմեր և գրավի չափեր

Հովակիմյանը մանրամասնել է կուսակցությունների ու դաշինքների համար սահմանված նոր անցողիկ շեմերն ու նվազեցված ընտրական գրավի չափերը, որը, ըստ նրա, նպատակ ունի խրախուսել քաղաքական ուժերի խոշորացումը:

ԿԸՀ նախագահի հաղորդմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը սահմանվել է 4% (նախորդ ընտրություններին այդ շեմը 5% էր – խմբ.): Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա 3 կուսակցություններից բաղկացած դաշինքների համար շեմը 8% է, իսկ 3-ից ավելի կուսակցությունների դաշինքներինը՝ 10%:

Գրավի չափը կուսակցությունների համար 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոն դրամի, իսկ դաշինքների համար սահմանվել է 15 միլիոն դրամ:

Կեղծ տեղեկատվության տարածումը որպես հիմնական ռիսկ

Պատասխանելով Аrmenia Today-ի հարցին, թե ի՞նչ ռիսկեր է տեսնում ԿԸՀ-ն սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված, Հովակիմյանն առաջին հերթին նշել է կեղծ տեղեկատվության տարածումը։

«Ամենամեծ ռիսկը, որ այս պահին մենք գնահատում ենք, կեղծ տեղեկատվությունն է, կեղծիքը, որը մեր պարագայում նաև միտված է ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն ձևավորելուն», – հայտարարել է նա։

Անդրադառնալով գործակալության հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում ԿԸՀ-ի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման համար, Հովակիմյանը նշել է, որ այս ընտրություններում կարևոր գործիք է դառնալու տեղամասերից ուղիղ հեռարձակումը:

Նա տեղեկացրել է, որ նախորդ ընտրություններում հեռարձակումն ապահովվել է 1500 տեղամասից՝ ընդգրկելով ընտրողների 97%-ը: «2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք 300+ ընտրող ունեցող տեղամասերից ապահովելու ենք հեռարձակում, ինչը նշանակում է մոտ 1800 տեղամաս: Ստացվում է, որ մենք փաստացի ընտրողների 99%-ը ներառող տեղամասերից ուղիղ եթեր ենք ապահովելու: Այդ ուղիղ եթերը հնարավորություն է տալիս, որպեսզի ցանկացած շահարկման կամ խնդրի դեպքում գնանք դրանց հետևից»,- ընդգծել է ԿԸՀ նախագահը:

Մեկնաբանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցման հնարավոր մերժման մասին լուրերի մասին

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցման հնարավոր մերժման մասին լուրերին՝ կապված առաջնորդի արտերկրյա ակտիվների և դրանց՝ որպես օտարերկրյա ֆինանսավորման աղբյուր դիտարկվելու հետ, Հովակիմյանը շեշտել է, որ հանձնաժողովը չի առաջնորդվում քաղաքական օրակարգերով։

«Քաղաքական բանավեճը ԿԸՀ գործունեության մեջ որևէ տեղ չունի։ Գործիչները կարող են միմյանց մեղադրել կամ չգրանցելու կոչեր հնչեցնել, սակայն դա չի կանխորոշելու հանձնաժողովի որոշումները», – հայտարարել է նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաև նախընտրական քարոզչության ֆինանսավորման իրավական կարգավորումները։ Ըստ նրա՝ կուսակցությունները պետք է ձևավորեն առանձին նախընտրական հիմնադրամներ, որոնց առավելագույն բյուջեն խորհրդարանական ընտրությունների համար սահմանված է 800 միլիոն դրամ։ Հովակիմյանի պարզաբանմամբ՝ այդ միջոցները կարող են ձևավորվել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից, ընդ որում՝ մեկ անձի համար սահմանված է տարեկան առավելագույնը 10 միլիոն դրամի շեմ։

Նա պարզաբանել է, որ վճարումները պետք է կատարվեն բացառապես կուսակցությունների կամ դաշինքի անդամ ուժերի պաշտոնական հաշվեհամարներից՝ ապահովելով ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ու բացառելով օտարերկրյա միջամտությունը։

Կենսաթոշակների բարձրացումը՝ որպես սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ վարչական ռեսուրս. ԿԸՀ-ի պարզաբանումը

Անդրադառնալով նախընտրական շրջանում կենսաթոշակների բարձրացումը որպես վարչական ռեսուրսի չարաշահում որակելու հնարավորությանը՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հարցն իրավական հարթություն կարող է տեղափոխվել բացառապես թեկնածուների և կուսակցությունների պաշտոնական գրանցումից հետո:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ գործողությունը կարող է որակվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է գրանցված կուսակցությունների կողմից և ուղղակիորեն խախտում է Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները:

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան), «Բոլորին դեմ եմ» շարժումը և այլն:

Ընտրական քարտեզի վերաբերյալ առավել մանրամասն Armenia Today-ի տեսանյութում՝

Ընտրական դաշտի նոր քարտեզը

Leave a Comment