10 մարտի 2026 – 18:06 AMT
PanARMENIAN.Net – Նույնականացման քարտերի տպագրությունն արդեն սկսվել է, իսկ անձնագրերի հետ կապված աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, առաջիկայում կհաստատվի նաև անձնագրի մասսայական տպագրությունը: Այդ մասին ասվել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և «ՀայՓասի» տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակության հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են համագործակցությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում նոր բարձր չափանիշներ սահմանելու ուղղությամբ։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է փուլային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Քննարկվել է նաև ծրագրի մեկնարկի ժամանակացույցը։ Նախատեսվում է առաջին փուլում գործարկել միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոն, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովում՝ քաղաքացիների համար հասանելի նախագրանցման հարթակով։
Ծրագիրը կսկսվի նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ Հայաստանի ամբողջ տարածքում։ Նախնական փուլում կգործարկվեն մի շարք սպասարկման կետեր, որոնցից երկուսը կտեղակայվեն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում։ Հետագայում գրասենյակների թիվը կավելանա՝ հասնելով 23-ի։
Նախագծով նախատեսվում է նաև ժամանակակից սպասասրահներ, մանկական խաղասենյակներ, սպասարկման ժամանակի սահմանաչափեր և ինքնասպասարկման սարքերի տեղադրում։
Սարգսյանը նշել է, որ նախարարությունը հանձնառու է պահպանել ծրագրի իրականացման ժամկետները՝ այն գործարկելով ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում, միաժամանակ ապահովելով որակական բարձր չափանիշները։
Կողմերը քննարկել են նաև կենսաչափական անձնագրերի կիրառության տարբեր սցենարներ և դրանց համատեղելիությունը սահմանային կառավարման ժամանակակից համակարգերի հետ։ Նշվել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխան կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ է նաև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում։
2025 թվականի ապրիլին ՀՀ ներքին գործերի նախարարության և «ՀայՓաս» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանում ժամանակակից ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի ստեղծման համար։ «ՀայՓաս» ընկերությունը հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։