Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ընթացող Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և այլ երկրների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը միջուկային էներգիան դիտարկում է որպես էներգետիկ անվտանգության էական գործոն: «Հայաստանի Կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն», – ասել է նա:
Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը, ինչը հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի անցմանը: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները:
«Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը», – ընդգծել է Փաշինյանը՝ կարևորելով միջազգային համագործակցությունը կադրերի պատրաստման գործում: Նա նաև նշել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
