Արտերկրում ընտրություններին միջամտելու նպատակով փորձում են ճնշել ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ հետախուզական տեղեկություններ է ստացել արտերկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների մասին՝ կապված Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, հայտնում է «Արմենպրեսը»։ 

Ծառայության տվյալներով՝ այլ երկրում տարբեր դերակատարներ, ներկայանալով այդ երկրի հատուկ ծառայությունների անունից, փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող, տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց վրա։

Նշվում է, որ նրանց փորձում են դրդել Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերին աջակցելու գործողությունների։ Այդ աջակցությունը, ըստ հայտարարության, կարող է ներառել ֆինանսական և կազմակերպական բնույթի տարբեր քայլեր։

Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է, որ շարունակում է հետևել զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հանրությանը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։ 

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրեսը» (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժը» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստանը» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։

Leave a Comment