Շուրջ 18 միլիոն դրամ կաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել ՀՊՄՀ-ի պաշտոնատար անձանց գործից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձանց և ևս 8 անձի առնչվող առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթից մանրամասներ է հայտնել, այն ուղարկել է դատարան:

Ըստ իրավապահների՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորը ռեկտորի իմացությամբ տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է համալսարանի հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հյուրերի ընդունման, նրանց հանգստի կազմակերպման, վերջիններից ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ, պնդում է ՀԿ-ն:

Նրանք, համաձայն վարույթի, կաշառք են պահանջել և ստացել նաև հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարներ տնօրինելու, հիմնադրամի կողմից ստեղծված ՍՊ ընկերությունը ապօրինի ղեկավարելու և դրա գործունեության արդյունքում ստացված գումարները տնօրինելու, համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ այլ պաշտոնի նշանակելու և մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:

Ռեկտորն ու պրոռեկտորը որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 18 միլիոն դրամ գումար: Բացի այդ, նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու հետևանքով շուրջ 12 միլիոն դրամի գումարի հափշտակության դեպքեր, ասված է Հակակոռուպցիոնի հաղորդագրության մեջ: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:

Նրանց և համալսարանի ևս 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Leave a Comment