
Այս վարկածը, երեւի, նպատակ ունի Վիտալի Բալասանյանին ներկայացնել որպես «ծպտյալ նիկոլականի»: Թե այդ նարատիվին ինչպե՞ս կարձագանքի Բալասանյանը կամ կարձագանքի՞ առհասարակ, իր և իշխանությունների խնդիրն է: Ուշագրավն այն է, որ ոչ իշխանական շրջանակները, Բալասանյանին աֆիլացնելով Նիկոլ Փաշինյանի հետ, կամա, թե ակամա ընդունում են, որ «միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը» հանրայնորեն, մեղմ ասած, պահանջված չէ, և այդ մասին ով բարձրաձայնում է, «նպաստում է Փաշինյանի քարոզչությանը»:
Բայց Վիտալի Բալասանյանը «միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը» դիտարկել է գլոբալ-աշխարհաքաղաքականության համատեքստում: Նա անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ ձեռք բերված համաձայնությունները, ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը համարել է «թղթի կտոր», իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում-սահմանազատումը՝ «ոչ օրինական»: Բալասանյանը ներկայացրել է այնպես, որ «աշխարհի քարտեզը գծված է, երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը տեղ չունի այնտեղ»: Նա պարզորոշ հայտարարել է, որ զորակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին:
Բալասանյանի այս սկզբունքային –հայեցակարգային նշանակության դիտարկումները, մանավանդ «աշխարհի քարտեզը գծած լինելու» մասին նրա պնդումը վկայում են, որ գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան «գաղտնի պայմանավորվածությունների տեսության» հետ, որի համաձայն «Դոնալդ Թրամփը հետխորհրդային տարածքը ճանաչել է Ռուսաստանի բացարձակ հսկողության գոտի»: Հայաստանի հանրությանը, այդպիսով, ներշնչվում է, որ «ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, մոտ ապագայում աշխարհի բաժանման քարտեզը գետնի վրա կիրառվելու է, այդ իրավիճակում Կովկասը նայելու է դեպի հյուսիս»:
Այս համատեքստում Բալասանյանի խոսույթի վտանգավորությունը ոչ այնքան «միութենական պետությանը Հայաստանի անդամակցության» քարոզչությունն է, որքան այն, որ նա դա ներկայացնում է «իբրև անխուսափելի-ճակատագրապաշտական անհրաժեշտություն» և բացատրում, որ «երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող ինքնիշխան լինել»: Հունիսի 7-ի խորհուրդն, այսպիսով, Հայաստանի ազգային ինքնության վերահաստատման և վասալականությանը վերադարձի միջև ընտրությունն է: Այստեղ Բալասանյանի հասցեին սոցցանցային վերագրումները լավ խորհրդատու չեն: Հարկ է հիմնավոր փաստարկներով ցրել այդ «սև մոգությունը»: