9 մարտի 2026 – 16:10 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ այդ պաշտոնում ընտրվելու առիթով։
«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ:
Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»,-ասվում է ուղերձում:
Խամենեիին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում, անկասկած, կպահանջի մեծ քաջություն և անձնազոհություն։ Վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք Ձեր հոր գործը և կմիավորեք իրանցի ժողովրդին ծանր փորձությունների առջև։
Իմ կողմից ցանկանում եմ վերահաստատել Թեհրանին մեր անփոփոխ աջակցությունը և համերաշխությունն իրանցի բարեկամների հետ։ Ռուսաստանը եղել և կլինի Իսլամական Հանրապետության վստահելի գործընկերը։ Ձեզ մաղթում եմ հաջողություն Ձեր առջև կանգնած բարդ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև քաջառողջություն և ուժեղ ոգի», — նշված է շնորհավորական հեռագրում, հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին՝ երկրի նախորդ առաջնորդ Ալի Խամենեիի որդին։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Իրանի փորձագետների խորհուրդը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավատարմության երդում է տվել Մոջթաբա Խամենեիին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: