Ամիրյան փողոցի ծառերի մեծ մասը կհատվի, փոխարենը նախատեսում ենք 30%-ով ավել ծառեր տնկել․ Բեգոյան

Ամիրյան փողոցում ծառահատման աշխատանքներ են ընթանում, հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի խոսնակ Արթուր Աղաբեկյանը կայքին հայտնեց, որ ծառահատումը կապված է փողոցում ամբողջական բարենորոգման հետ։ 

Ծառերը կտրելու որոշումը կայացրել են մասնագետները՝ մասնագիտական ​​գնահատման հիման վրա։ Ծառերի վիճակն, ըստ նրա, գնահատվել է ոչ միայն տեսողականոր, այլև մասնագիտական փորձաքննության միջոցով։

ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն Armenia Today-ին հայտնել է, որ Ամիրյան փողոցում մայթերի տոմետները կփոխարինվեն բնական քարերի սալերով, հետևաբար որոշում է կայացվել միանգամից փոխել նաև ոչ կենսունակ ծառերն ու ավարտել աշխատանքները։

«Ամիրյան փողոցում կան բազմաթիվ ծառեր, որոնք փտած են, կենսունակության ավարտին մոտ են, հիվանդ։ Հատվում են բացառապես կենսուկության ավարտին մոտ ծառեր։ Ամիրյանի փողոցում բազմիցս ունեցել ենք ծառերի տապալման դեպքեր։ Հիմա նրանք, որոնք մնացել են և վտանգ են ներկայացնում, փտած են և գրեթե սաղարթ չունեն, բոլորը հեռացվում են»,- նշեց նա։

Բեգոյանի խոսքով՝ փոխարինվելու է մոտավորապես 50 կատալպա տեսակի ծառ, 25 ծառ՝ հիմնականում թեղիներ ու հացենիներ, պահպանվելու է։ Դրանք, ըստ Բեգոյանի, թեև առողջ չեն, սակայն դեռևս 5 տարի մոտավորապես վտագ չեն ներկայացնում։ Բեգոյանի նշել է, որ տնկման աշխատանքները կսկսեն 15 օրից ու նախատեսում են ավարտել մինչև ապրիլի վերջ։ Նա հավաստիացրել է, որ բոլոր ծառերն են փոխարինվելու, բացի այդ չօգտագոործված բնաբաժակները նույնպես օգտագործվելու են՝ 30%-ով ավեելացնելով նախկին ծառերի քանակը։

ՀՈԱԿ-ի ղեկավարը նաև հայտնեց, որ Երևանի կենտրոնում նախկինում տնկված սակուրա ծառերը մեծ մասամբ կենսունակ են։ Նրա խոսքով՝ Թումանյան փողոցում տնկվել է ավելի քան 300 ծառ, և դրանցից ոչ մեկը չի չորացել։ Քաղաքի այլ հատվածներում գրանցվել են ծառերի գոյատևման չհաջողված սակավ դեպքեր, սակայն դրանք փոխարինվել են նորերով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի գարնանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացել։ Գերատեսչության որոշմամբ՝ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվել էին, հանվել դրանց արմատները։ Իսկ փոխարենը նույն հորերում տնկվել էին նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:

Leave a Comment