
Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից հրթիռների նման արձակումներ չեն եղել»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել էր Կիպրոսի «Ակրոտիրիի» ավիաբազային ԱԹՍ-ի հարվածի մասին։ Մարտի 4-ին Թուրքիայում հայտարարել են երկրի օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի կողմից Իրանից արձակված հրթիռի վնասազերծման մասին։ Իսկ մարտի 5-ին ադրբեջանական կողմը հայտնել էր Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։