Մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք առաջիկա ԱԺ ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։
«Ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք։ Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրություններին գնալ այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,- ասաց նա։
Ըստ Հովիկ Աղազարյանի՝ շատ լավ է, որ ընտրություններին ընդառաջ՝ ձևավորվել են մի շարք դաշինքներ, և զգացվում է, որ որոշների մոտ գործում է ընտրություններին կուսակցական ցուցակներով մասնակցելու տրամաբանությունը, որպեսզի հաղթահարելիության գործակիցն ավելի բարձր լինի։
«Պատկերացրեք՝ եթե կուսակցությունները միավորվում են և գնում են դաշինքային տրամաբանությամբ և պետք է հաղթահարեն 8 տոկոս շեմը, հիմա այնպես է ստացվում, որ իրենք հավաքում են 7,9 տոկոս ձայն, այսինքն՝ չեն հաղթահարում շեմը։ Բայց իրենք գործում են ընդդիմադիր դաշտում, հետևաբար 7,9 տոկոսից ամենաքիչը 4-4,5 տոկոսը կգնա իշխող քաղաքական ուժին՝ որպես փոշիացված տարբերակ։ Իսկ երբ չես հաղթահարում 4 տոկոսանոց պատնեշը և հավաքում ես 3,9 տոկոս ձայն, այդ դեպքում մոտավորապես 2 տոկոս կարող է գնալ իշխանական ձայների պաշարին։ Սա շատ անցանկալի է»,- ասաց ԱԺ պատգամավորը։