
Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԱՊ օղակում աշխատող նեղ մասնագետների աշխատավարձերը նվազել են և ավելի են նվազելու
– Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող մեր գերծընկերների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»՝ ասելով, որ իրենց վարձատրությունը վերանայվելու է…
– Ըստ սահմանված կարգի (որը չգիտեմ ինչու, բայց հասանելի չէ պոլիկլինիկայի բժիշկներին) նեղ մասնագետների վարձատրության մեջ այլևս հաշվարկված ՉԷ ապահովագրված անձանց համար Per Capita վճարման տեսակը: Մնացել է միայն չապահովագրված կցագրված անձանց համար Per Capita վճարման սկզբունքը (որը հաջորդ տարի դուրս է գալու, քանի որ խոստացել են, որ բոլորին ապահովագրելու են):
– Մարտ ամսին բոլորը ստանալու են աշխատավարձ, որը ներառելու է նաև հունվար ամսին չվճարած (բայց օրենքով վճարման ենթակա) աշխատավարձը (որը պետք է հաշվարկվի այնպես, ինչպես մինչև ապահովագրական համակարգի ներդրումը, որովհետև վճարման սույն կարգը ընդունվել է փետրվար ամսին և հետադարձ ուժ ունենալ չի կարող), ուստի չշտապեք ուրախանալ՝ մարտին 2 կոպեկ ավել փող ստանալով, որովհետև ապրիլին կրկին ստանալու եք կոպեկներ:
․ Տարբեր բուժկենտրոններում բուժաշխատողների վրա իրականացվող ճնշումները բերում են համատարած վախի մթնոլորտի ձևավորմանը և այդ մթնոլորտում բուժաշխատողների լռակյաց բողոքի ձայնը շարունակվում է վարչական լծակներով լռեցվել միայն այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում լինել առաջին քայլ անողը: Ընկերներ ջան, բոլորիդ միմյանցից բաժանելով մասնագիտորեն առանձին-առանձին ոչնչացնելու են, իսկ միախմբվելով և տարբեր տեղերից բողոքի ձայն բարձրացնելով դուք կապահովեք ձեր և մնացած մեր կոլեգաների անվտանգությունը»: