«Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ՝ քաոսի պատրանք ստեղծելով մեր Հայրենի երկրում»,- նշել է Հայր Ասողիկ Կարապետյանը։
Հայր Սուրբը գրել է. «Սիրելի բարեպաշտ եւ հավատավոր ազգակիցներ, լինենք արթուն եւ զգոն, լինենք հավատարիմ մեր սուրբ ուխտին՝ միշտ դեպի Լույսը, լինենք հավատարիմ մեր ազնիվ բարեկամությանը՝ չտրվելով նենգ եւ կործանարար սադրանքներին։
Այսօր, այս օրհասական պահերին ամեն բանից առավել է մեր ազգային ինքնագիտակցությունն ու միասնությունը։ ԲՈԼՈՐԻՍ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։
Մեր ազգային բնիկ իմաստությամբ մնանք անսասան եւ թույլ չտանք, որ օտար հայադավ ուժերը մեզ դարձնեն խաղալիք, մեր կյանքը խաթարեն, մեր ճանապարհը խոտորեն։
Անխտիր բոլորիս ուսերին է ծանրացած մեր ազգային-պետական լինելության եւ հարատեւության խաչը։
Թող Աստված պահի ու պահպանի մեր Հայրենի երկիրը, մեր հարազատ պետությունն ու պետականությունը, մեր աստվածասեր եւ իմաստուն ազգին ի Հայաստան եւ ի Սփյուռս։
Աստված մեզ օգնական»։