Միջազգային հանրապետական ինստիտուտը երեկ վերջապես հրապարակեց իր հարցումների արդյունքները, որոնք անմիջապես աչք էին զարնում իշխող ուժի համար թվեր ուռճացնելու հանգամանքով։ Հիշեցնենք՝ շաբաթներ շարունակ հայտնի է, որ ամերիկյան կառավարական հաստատությունը հարցումներ է անցկացրել Հայաստանում, բայց չի հրապարակում։
Ապա և տեղեկություն տարածվեց մամուլում, թե իշխանությունը փորձում է համոզել հրապարակել հարցման արդյունքները՝ ուռճացնելով իրենց թվերը։ Ուստի հարցման մեջ «Քաղաքացիական պայմանագրին» տված բավականին բարձր, իսկ ընդդիմությանը տված ցածր տոկոսները լուրջ համարել չի կարելի։ Փոխարենը այս հարցումը բավականին մտահոգիչ միտումներ է արձանագրում։ Հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, հարցվածների 5 %-ը պատասխանել էր, թե կփչացնի քվեաթերթիկը, 8 %-ը՝ թե չի մասնակցի քվեարկությանը։ 30 %-ը չի որոշել կամ դժվարանում է պատասխանել, ևս 9 %-ը հրաժարվում է պատասխանել։
Այսինքն՝ հարցվածների 53 %-ը որևէ նախընտրություն չունի կամ չի ցանկանում մասնակցել։ Այս հարցումից և նրա արդյունքներից կարելի է դատել, որ մարդիկ հիասթափված են, չեն ուզում գնալ ընտրությունների։ Ընդ որում, հիասթափված են թե՛ իշխանությունից և թե՛ ընդդիմությունից, ապագայի նկատմամբ էլ վստահություն ու հավատ չկա։ Իսկ սա հենց բխում է իշխանության շահերից՝ այնպես անել, որ հնարավորինս քիչ ընտրողներ մասնակցեն ընտրություններին։ Միայն այդ դեպքում է, որ փաշինյանական իշխանությանը կհաջողվի ապահովել իր վերարտադրությունը, և բնական է, որ գործող իշխանությունները վերջին շրջանում հենց այդ մարտավարությունն էլ ընտրել են՝ հանրությանը համոզելու իրենց ընտրվելու անխուսափելիության մեջ և հիասթափեցնելու, որպեսզի չգնան ընտրություններին։ Մեկ այլ մտահոգիչ հանգամանք այն է, որ Փաշինյանի ընտրողների հիմնական մասը 56 և ավելի բարձր տարիքի անձինք են։
Երիտասարդությունը տոտալ զզվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Բայց հենց տարեցներն են, որ ավելի ակտիվորեն են մասնակցում տարբեր ընտրությունների, մինչդեռ երիտասարդությունը առանձնապես ակտիվ չէ այս առումով, և սա էլ ևս պետք է մտահոգի ընդդիմությանը՝ ավելի լուրջ աշխատանք տանելու ընտրողների շրջանում։
Մանե Կիրակոսյան