7 մարտի 2026 – 11:31 AMT
PanARMENIAN.Net – «Flydubai» ավիաընկերությունը մարտի 7-11-ը նախատեսված չվերթերը մասնակիորեն չեղարկել է, և յուրաքանչյուր օր ծրագրվել է իրականացնել մեկ թռիչք։ Այդ մասին տեղեկացրել է ավիաընկերության հայաստանյան գրասենյակը։
Փետրվարի 28-ին տեղի ունեցած կանոնավոր թռիչքների խափանումից հետո ընկերությունը մարտի 4-ին, 5-ին և 6-ին իրականացրել է ընդհանուր առմամբ 4 ուղիղ չվերթ Դուբայ–Երևան–Դուբայ ուղղությամբ՝ Դուբայից Երևան տեղափոխելով ավելի քան 650 ուղևոր, գրում է Sputnik Արմենիան:
«Այս պահի դրությամբ մարտի 12-ից սկսած չվերթները պլանավորված են ըստ չվացուցակի»,– հայտնել են ավիաընկերությունից։
Ընդգծվել է, որ Դուբայ–Երևան չվերթերը իրականացվել են ԱՄԷ ավիացիոն իշխանությունների կողմից մշակված անվտանգ երթուղով։ Թռիչքի տևողությունը մեկ ուղղությամբ կազմել է մոտ 6 ժամ։
Ավելի վաղ տուրիստական գործակալությունները տեղեկացրել էին, որ ստացել են պաշտոնական նամակներ «Air Arabia», «Flydubai» և «Qatar Airways» ավիաընկերություններից, որտեղ իրազեկվում էր մարտ ամսվա համար նախատեսված որոշ չվերթերի չեղարկման մասին։
«Air Arabia» ավիաընկերությունը չվերթերը չեղարկել է մինչև մարտի 28-ը, «Flydubai»-ը՝ մինչև մարտի 20-ը, իսկ «Qatar Airways»-ը՝ մինչև մարտի 15-ը ներառյալ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Արդյունքում զոհվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ պաշտոնյաներ: Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 170 երեխա և աշխատակից։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։