Տոնոյան. Հետևում ենք տարբեր «մայրցամաքների» սոցհարցումներին՝ իրականությունը միանգամայն այլ է

Տոնոյան. Հետևում ենք տարբեր «մայրցամաքների» սոցհարցումներին՝ իրականությունը միանգամայն այլ է

7 մարտի 2026 – 11:53 AMT

PanARMENIAN.Net – Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշել է, որ ուշի ուշով հետևում են տարբեր «մայրցամաքների» կողմից իրականացվող և հայ հանրությանը հրամցվող սոցիոլոգիական հարցումներին և ուզում են ասել՝ իրականությունը միանգամայն այլ է:

«Առաջիկայում նախաձեռնության շարքերն էլ ավելի են ավելանալու, կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին։ Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ։ Համոզված ենք՝ միայն համախմբվածությամբ և տարբեր ոլորտների փորձն ու գիտելիքը միավորելով կարելի է ձևավորել այն օրակարգը, որն իսկապես կծառայի Հայաստանի զարգացմանը»,-գրել է նա:

Նրա խոսքով՝ այս ընթացքում Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։

«Չնայած այս շրջանի ծանրաբեռնվածությունն իսկապես ահռելի է, նա փորձում է որևէ մեկին չնեղացնել՝ հնարավորության սահմաններում անձամբ հանդիպել, լսել և քննարկել առաջարկները։ Պատճառը պարզ է․ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ձևավորվում է սրտացավ մարդկանց գաղափարների և առաջարկությունների հիման վրա։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող համախմբվածությունը և նրա առաջ քաշած վերկուսակցական, հանրային «Նոյյան տապանի» գաղափարը հայտնի շրջանակներում որոշակի ցնցումներ է առաջացրել։ Հնչող տեսակետների մի մասն անգամ դժվար է քննադատություն անվանել, քանզի ասելիքի բացակայությամբ պայմանավորված կենցաղային վիրավորանքների մակարդակի վրա է՝ տեղափոխված անձնական հարթություն։ Չեմ զլանա ու հերթական անգամ կոչ կանեմ բոլորին պահպանել քաղաքական խոսույթի կոռեկտության սահմանները։ Իսկ եթե այդ սահմանները խախտվեն, ապա ապակենտրոն հակազդեցությունը կլինի անխուսափելի ու նման խոսույթով հանդես եկողներին հասկանալի լեզվով։ Սա՝ ի գիտություն»,-ասվում է գրառման մեջ:

Տոնոյանը բոլորին հորդորել է «չփորձել տարբեր պատվիրատուների կողմից «պատվերով համերգի» սկզբունքներին համապատասխանող սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը»։

IRI ընկերության իրականացրած հարցման շրջանակում հայաստանցիներին հարցրել են՝ ո՞ր քաղաքական գործչին են ամենից շատ վստահում։ Հարցվածների 18 տոկոսը նշել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը: Նա այս ցուցանիշով առաջին տեղում է։

Հարցմանը մասնակցածների 6 տոկոսի համար ամենավստահելի քաղաքական գործիչը դարձել է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը։ Երրորդ տեղում՝ 3 տոկոս վստահությամբ, հայտնվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նույն՝ 3 տոկոս վստահության ցուցանիշն արձանագրվել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանիդեպքում։

Leave a Comment