Վիետնամում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիները մոտ օրերս կվերադառնան Հայաստան, փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն։
Դեսպանությունը (համատեղության կարգով նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հայտնել է, որ ներկայում Վիետնամում գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։
Քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի-Թբիլիսի չվերթով, այնուհետև Թբիլիսիից ավտոմեքենաներով կվերադառնան Երևան։ Եվս 7 քաղաքացի մարտի 9-ին Հայաստան կվերադառնա Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն։
ՀՀ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։
Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդում են «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները։ Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։ «Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։
Մարտի 6-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացի, որոնցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 7 օր։
