Իսրայելա – ամերիկա – թուրքական պայմանավորվածություններ՝ քրդերի գործոնն ակտիվացնում են •

Իրանում ավելի քան 35 միլիոն թուրքմեն, քաշքայ և հարավային ադրբեջանցի է ապրում: Նրանք ապրում են զանգվածային սպանությունների աննախադեպ վախի մեջ, նրանց միակ հույսը Թուրքիան և Ադրբեջանն են:

Ինչպես փոխանցում է Turkiye պարբերականը, նման տեսակետ է հայտնել «իրանցի ուսումնասիրող» Ջավադ Աբասին:

Ըստ նրա՝ Իրանանական Քրդստանում «նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, գրոհայինները սպասում են ԱՄՆ-ից ազդանշանի», որից հետո «ահաբեկիչների մի խումբը կգրոհի Ուրմիան, Սուլդուզը, Խոյը և Մակուն, իսկ մյուսը կշարժվի Իլամ-Դեզֆուլ-Ահվազ- Աբադան ուղղությամբ»:

Նպատակը մեկն է: Իրանի արեւմտյան շրջաններից «քրդական միջանցք բացել մինչև իրաքյան Բասրա քաղաքը», ինչը թույլ կտա, որ Իսրայելը «Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատի և տնօրինի համաշխարհային առեւտրի երեսուն տոկոսը»:

Թուրքական պարբերականը ներկայացնում է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները «ծրագրում են ոչ թե կրկնել «Մեհաբադի քրդական հանրապետության» նախադեպը, այլ Քերմանշահ կենտրոնով ստեղծել փաստացի քրդական ենթակայության տարածաշրջան՝ ինչպես դա տեղի է ունեցել սիրիական Ռաքայում»:

Խոսքը, հավանաբար, Սիրիայի անցումային կառավարության և քրդական փաստացի ինքնավարության միջև անցյալ ամիս ձեռք բերված համաձայնության մասին է, որով քրդերը ֆորմալ ճանաչել են Դամասկոսի իրավազորությունը, բայց պահպանում են ինչպես ռազմական կազմավորումները, այնպես էլ ինքնակառավարման տեղական մարմինները:

Մարտի 5-ի ուշ երեկոյան թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևին «աջակցություն է հայտնել»:

Իշխանական haqqin.az-ը, Turkiye-ի օրինակով վկայակոչել է «իրանցի ընդդիմադիր» Հասան Շարիաթմադարին, որի «հավաստի տեղեկություններով Իրանի ադրբեջանական նահանագներում տեղակայվել են ԻՀՊԿ ավելի քան տասը, կանոնավոր բանակի՝ քառասուն հազար զինծառայողներ»:

Շարիաթմադարին նույնպես «լուրջ մտահոգություն ունի, որ ադրբեջանցիները կարող են ենթարկվել զանգվածային սպանությունների»: Թուրքիան և Ադրբեջանը, այսպիսով, Իրանի հյուսիսային շրջաններ զինված ուժեր մտցնելու քարոզչական «հիմքեր» են ստեղծում: Խնդիրը, մինչդեռ, բարդ լուծելի է:

Իրանի դեմ հարձակման նախօրեին, Երուսաղեմում Հնդկաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին Բենիամին Նաթանյահուն վճռականապես հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում շիադավան «չարիքի առանցքի» ոչնչացումից հետո Իսրայելը թույլ չի տա, որ «ձևավորվի սուննի չարիքի առանցք»:

Նա ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիայի տարածաշրջանային նկրտումների անթույլատրելիությունը: Բայց Նաթանյահո՞ւն է որոշում Իրանի «հետկրոնապետական ստատուս-քվոն», թե՞ ԱՄՆ նախագահ Թրամփը կամ Մերձավոր Արևելքում «սուննի չարիքի առանցքի անթույլատրելիության» հարցում որքանո՞վ են նրանց մոտեցումները համընկնում կամ հակադրվում:

Մարտի 5-ին կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը:

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ այդ ընթացքում Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանին «տեղեկացրել է Նախիջևանի օդանավակայանի և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների դեմ իրանական ԱԹՍ-երի հարձակման մանրամասնությունները»:

Սա բավական խոսուն փաստ է: Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը խորհրդանշում է, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հավաստում է Հայաստանի հետ խաղաղության քաղաքականությանը հավատարմությունը:

Բայց եթե իրականությանը մոտ է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի տարածքում դեպի իրաքյան Բասրա «քրդական միջանցք են բացում», իսկ Թուրքիան ծրագրում է Բասրայից մինչև Ջեյհան «զարգացման ճանապարհ» կառուցել, ապա ընդհանուր տարածաշրջանային կայունությունը, հավանաբար, պայմանավորված կլինի իսրայելա-ամերիկա-թուրքական պայմանավորվածություններով:

Leave a Comment