Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ:
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 1045-ի:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն իր դիվանագիտական անձնակազմը հետ է կանել Իրանից։
Նա այս հայտարարությունն արել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս գործընթացը վերաբերում է և՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, և՛ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այս առումով ներկայումս աշխատանքներ են տարվում», – նրա խոսքերը մեջբերում է տեղական Report հրատարակությունը։
Բայրամովը նշել է, որ «հաշվի առնելով ընթացող գործընթացները», կյանքերը չեն կարող վտանգի ենթարկվել, և ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում անձնակազմի տարհանման համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել:
Երկրի ԱԳՆ-ն հաստատել է միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել են Նախիջևանի օդանավակայանն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 2 տուժած:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով Իսլամական հանրապետությունում զոհերի թիվը հասել է 1230-ի։
Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով ԻԻՀ նահատակների հիմնադրամին։
«Նահատակների և վետերանների հիմնադրամն իր երրորդ հայտարարության մեջ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով զոհերի թիվը այսօրվա (մարտի 6-ի) դրությամբ կազմում է 1230», – հաղորդում է գործակալությունը։
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ԱՄՆ-Իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը հասցվել էր Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի արվարձան Զիբաշեհրայում գտնվող շտապօգնության կայանի և մանկական խաղահրապարակի վրա, զոհվել է առնվազն 20 մարդ, իսկ 30-ը՝ վիրավորվել։
Գործակալությունը չի մանրամասնում՝ արդյո՞ք զոհերի մեջ երեխաներ կան։
Ըստ գործակալության՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 5-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում։ Զոհերի թվում են եղել ԱԻՆ երկու աշխատակիցներ։
Մարտի 6-ի առավոտյան Թեհրանում կրկին պայթյուններ են լսվել։
Համապատասխան կադրերը տարածվել են լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի կողմից։
Իրանական հեռուստատեսությունը պնդում է, որ հարվածներ են հասցվել բնակելի շենքերին։
Նշվում է նաև, որ Իրանի հարվածները առաջիկա օրերին ավելի ինտենսիվ և լայնածավալ կդառնան։
Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին։ Հարձակման հետևանքով զոհվել է 171 մարդ, որոնց մեծ մասը 7-ից 12 տարեկան աշակերտներ էին։