Թրամփը ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը

Թրամփը ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը

6 մարտի 2026 – 17:13 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը:

Թրամփը ընդունել է, որ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի ամենահավանական ժառանգորդը նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին է, սակայն, հասկացնել է տվել, որ նման զարգացումն իր համար անընդունելի է։

«Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մեզ անհրաժեշտ է մեկը, ով Իրանում կհաստատի ներդաշնակություն և խաղաղություն»,- հայտարարել է Թրամփը, հայտնում է Svoboda.org-ը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ չի ցանկանում, որպեսզի իշխանության գա առաջնորդ, որը կշարունակի Ալի Խամենեիի քաղաքականությունը։

«Ես պետք է մասնակցեմ նշանակման գործընթացին, ինչպես դա եղավ Վենեսուելայում Դելսի Ռոդրիգեսի դեպքում»,- ասել է նա։

Axios-ը նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և այլ պաշտոնյաներ հերքում են, թե Իրանի դեմ գործողության նպատակը «ռեժիմի փոփոխությունն» է։ Նրանց խոսքով՝ գործողության նպատակն Իրանի հրթիռային ներուժը, միջուկային ծրագիրը և ռազմածովային ուժերը թուլացնելն է։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Իրանի Փորձագետների խորհրդի նիստից հետո երկրի գերագույն առաջնորդի պաշտոնի հիմնական հավակնորդ է համարվում Մոջթաբա Խամենեին։ Հոգևորականները քննարկել են նրա նշանակումը մարտի 4-ի առավոտյան հայտարարելու հնարավորությունը, սակայն խորհրդի որոշ անդամներ մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր թիրախ։

56-ամյա Մոջթաբա Խամենեին ազդեցիկ գործիչ է, որը երկար ժամանակ գործել է իր հոր ստվերում։ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Իրանի տարածքում իրականացված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։

Խամենեիի մահից հետո Իրանի գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես փոխանցվել են աստվածաբան Ալիրեզա Արաֆիին։ Նա նույնպես դիտարկվում է որպես հնարավոր թեկնածու այդ պաշտոնում՝ Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի թոռ Հասան Խոմեյնիի հետ միասին։

ԱՄՆ ռազմական քննիչները կարծում են, որ հավանական է՝ Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա իրականացված հարվածի հետևում ամերիկյան ուժերն են կանգնած, սակայն վերջնական եզրակացություն դեռ չի կայացվել։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։

Գործակալությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ապացույցների վրա է հիմնված այս նախնական գնահատականը, ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել, ով է իրականացրել հարվածը կամ ինչու կարող էր դպրոցը դառնալ թիրախ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ միջադեպը գտնվում է հետաքննության փուլում։

Պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, նշել են, որ չի բացառվում նոր ապացույցների հայտնվելը, որոնք կարող են ցույց տալ, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն չունի և միջադեպի համար պատասխանատու է այլ կողմ։

Reuters-ը չի կարողացել պարզել նաև, թե որքան ժամանակ կշարունակվի հետաքննությունը և ինչ լրացուցիչ ապացույցներ են փորձում հավաքել քննիչները։

Դպրոցը, որը գտնվում է Իրանի հարավային Մինաբ քաղաքում, հարվածի է ենթարկվել փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների առաջին օրը։ Ժնևում Իրանի դեսպան Ալի Բահրեինին հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 150 աշակերտուհի, սակայն Reuters-ը չի կարողացել անկախ աղբյուրներով հաստատել զոհերի թիվը։

Պենտագոնը Reuters-ի հարցերը փոխանցել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։ Դրա ներկայացուցիչ, կապիտան Թիմոթի Հոքինսը նշել է. «Քանի որ միջադեպը հետաքննվում է, այս պահին անտեղի կլինի մեկնաբանել»։

Սպիտակ տունը նույնպես ուղղակիորեն չի մեկնաբանել հետաքննությունը, սակայն մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Reuters-ին հայտնել է. «Մինչ Պատերազմի նախարարությունը ներկայումս հետաքննում է այս հարցը, Իրանի ռեժիմն է, որ թիրախավորում է խաղաղ բնակիչներին և երեխաներին, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները»։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Հեգսեթը հայտարարել է. «Մենք դա հետաքննում ենք։ Մենք, իհարկե, երբեք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները։ Բայց մենք ուսումնասիրում ենք միջադեպը և անցկացնում ենք հետաքննություն»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միտումնավոր դպրոց չի թիրախավորի։

«Եթե դա մեր հարվածն է եղել, ապա Պատերազմի նախարարությունը կհետաքննի այդ հարցը, և ես կառաջարկեմ դիմել հենց նրանց», — ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ իսրայելական պաշտոնյան և համատեղ պլանավորման մասին տեղեկություններ ունեցող աղբյուրը հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանում հարվածները բաժանել էին թե՛ աշխարհագրական, թե՛ թիրախների տեսակների առումով։ Իսրայելը հիմնականում հարվածում էր արևմտյան Իրանում գտնվող հրթիռային կայաններին, իսկ ԱՄՆ-ը՝ հարավում գտնվող նման օբյեկտներին և նաև ռազմածովային թիրախներին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, չնշելով, թե ով է պատասխանատու դպրոցի վրա հարվածի համար, կոչ է արել իրականացնել անկախ հետաքննություն։

Գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել է. «Հարձակումը իրականացրած ուժերի վրա է դրված այն հետաքննելու պարտականությունը»։

Իրանական պետական հեռուստատեսությունը ցուցադրել է զոհված աշակերտուհիների հուղարկավորության կադրերը։ Նրանց փոքր դագաղները ծածկված էին Իրանի դրոշներով և մեծ բազմության միջով տեղափոխվում էին դեպի գերեզմանատուն։

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ դպրոցների, հիվանդանոցների կամ այլ քաղաքացիական կառույցների վրա դիտավորյալ հարձակումը կարող է համարվել ռազմական հանցագործություն։

Եթե հաստատվի, որ հարվածը հասցրել են ամերիկյան ուժերը, այն կարող է դառնալ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական գործողությունների պատմության ամենածանր քաղաքացիական կորուստներից մեկը։

Մարտի 3-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Իրանի ռազմական ներուժը զգալիորեն թուլացել է։

«Նրանք այլևս չունեն հակաօդային պաշտպանություն, ռազմաօդային ուժեր, ռազմածովային նավատորմ և ղեկավարություն։ Նրանք ցանկանում են բանակցություններ։ Ես ասացի՝ «Արդեն ուշ է»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Մարտի 1-ին Թրամփը նշել էր, որ Իրանի նոր ղեկավարությունը՝ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո, առաջարկել է բանակցություններ սկսել, և նա սկզբում համաձայնել էր այդ գաղափարին։ «Նրանք պետք է դա ավելի վաղ անեին։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- ասել է ԱՄՆ նախագահը The Atlantic պարբերականին տված հարցազրույցում։

Սակայն մարտի 2-ին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցիալական ցանցում գրել է. «Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ»։

Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հայտնել է, որ հենց Լարիջանին էր առաջարկել բանակցությունների գաղափարը և այն փոխանցել Վաշինգտոնին միջնորդների միջոցով։

Leave a Comment