5 մարտի 2026 – 14:36 AMT
PanARMENIAN.Net – Միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդ դրամից ավելի պարգևավճար է ստացել, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում:
«Պարզվում է, որ իշխանությունն այդքան ասում է՝ թալանածը վերադարձնում ենք, թալանածը վերադարձնում ենք, 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Պատգամավորը նշել է, որ նույն ժամանակահատվածում կառավարության կողմից ստացված պարգևավճարները զգալիորեն ավելի մեծ են եղել։
«Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել, իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն։ Այսինքն, երկու անգամ ավելի պարգևավճար է ստացել կառավարությունը։ Էլ չեմ ասում օրենսդիր մարմնին ու մնացած հաստատություններում տրված պարգևավճարները»,-հավելել է նա:
Պարգևավճարների մասին է խոսել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հայտարարելով, որ պատրաստվում է ասել մի բան, որը կարող է բուռն արձագանքներ առաջացնել, հայտնում է Aysor.am-ը:
«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելը»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ ամբողջ պետական համակարգը տեղեկացված է եղել, որ վարձատրության մեխանիզմը փոխվելու է և այն ուղղակիորեն կապվելու է ցուցաբերված արդյունքների հետ։
«Որ ընդդիմադիները շատ չչարչարվեն, ես հիմա խոսում եմ պարգևավճաների համակարգի մասին, այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև, ուզում եմ ընդգծել՝ 2025 թվականի բյուջով մենք 6․5 միլիարդ պետական համակարգից ռեզերվ արեցինք, 3․5 միլիարդն ուղղեցինք պետական համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն ու հիմա դրա արդյունքում 78 միլիարդ տալիս ենք կենսաթոշակառուներին»,- նշել է նա։
Այնուհետև Փաշինյանը հավելել է. «Շատ կներեք՝ ես շատ ուրախ ու գոհ եմ, որ ինքս եմ կայացրել այդ որոշումները, հազար ներողություն՝ այդ որոշումն ինձ հիմա հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել»։
Նա նաև նշել է, որ Հայաստանը, որպես պետություն, բավարար չափով լրջացել է։
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ»,- ընդգծել է Փաշինյանը։
Մարտի 4-ին խորհրդարանում ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը։