Ի՞նչ իրավիճակ է Իրան-Հայաստան սահմանին․ մանրամասնում են հյուպատոսությունից

Իրանից-Հայաստան սահմանային անցակետը բաց է, բայց ինտերնետ կապի խափանման պատճառով աշխատանքները դանդաղել են, Armenia Today-ին հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։

Գերատեսչությունից հստակեցրել են, որ անցակետը փակ չէ, պարզապես պատերազմի պատճառով ինտերնետ կապի և համապատասխան կայքի վնասման հետևանքով փաստաթղթերն աշխատակիցները ձեռքով են լրացնում, ինչը ժամանակատար է։ Միաժամանակ, տեղեկացրել են, որ կան ժամեր, երբ կայքը վերականգնվում է, կան ժամեր՝ սկսում է խափանվել։

«Քաղաքացիներն ամեն պահի չէ, որ կարող են սահմանն անցնել։ Կարող է գան, այդ պահին արագ անցնեն, կարող է՝ մի քանի ժամ ստիպված լինեն սպասել, ոչինչ հստակ չէ այդ առումով»,- նշել են հյուպատոսարանից։

Միևնույն ժամանակ, տեղեկացրել են, որ անցակետում քաղաքացիների հոսքը բնականոն է։

«Հոսքն այնպիսին է, ինչպես միշտ՝ առօրյայում էր։ Սովորական՝ ոչ պատերազմական օրերին, ունենում ենք դեպքեր, երբ հոսքն ավելի մեծ է լինում։ Օրինակ՝ ամռանը, իրանական Նովրուզին կարող ենք այս օրերի քառապատիկ հոսքն ունենալ»,- հավելել են հյուպատոսարանից։

Նաև նշել են, որ անցակետում քաղաքացիների թիվը կարող է մեծ թվալ՝ կապի խնդիրներով պայմանավորված աշխատանքների դանդաղման պատճառով, սակայն հոսքի առումով արտակարգ իրավիճակ կամ կուտակումներ չեն արձանագրվել։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Մարտի 4-ի տվյալներով՝ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։

Աննա Բադալյան

Leave a Comment