Կառավարությունն ընդունեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշումը։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել երկու երկրների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության իրավական հիմք։ Այն ներառում է լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակում։
Համաձայնագրով սահմանվում է, որ կողմերը ապահովում են համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը և չեն փոխանցում այն երրորդ կողմին առանց համապատասխան կողմի գրավոր համաձայնության։ Նշվում է նաև, որ կողմերը չեն իրականացնում միմյանց դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն։
