Չկենտրոնանալ ԱՄՆ-ի զոհերի վրա և չվնասել Թրամփի վարկանիշը․ Պենտագոնի կոչը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնվել է ներքաղաքական սուր քննադատության կենտրոնում՝ ամերիկացի զինծառայողների շրջանում արձանագրված զոհերի վերաբերյալ հակասական հայտարարությունների պատճառով։  Պենտագոնը պաշտոնապես հաստատել է վեց ամերիկացի զինվորականի մահը, սակայն Թեհրանը պնդում է, որ կորուստների իրական թիվը տասնյակ անգամ գերազանցում է հրապարակված տվյալները։

Մարտի 4-ին Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Միացյալ շտաբների պետերի տեղակալ, գեներալ Դեն Քեյնը հրապարակել է զոհվածներից չորսի անունները։ Նրանք բոլորն էլ ծառայում էին ԱՄՆ բանակի ռեզերվի Այովա նահանգի Դես Մոյնս քաղաքի 103-րդ մատակարարման հրամանատարությունում։ Iravaban.net-ը այս մասին  տեղեկանում է CNN-ից։

Նախագահ Թրամփը, անդրադառնալով զոհերին, օգտագործել է ձևակերպումներ, որոնք Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները որակել են որպես անհոգի։ NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է. «Մենք ունենք երեք զոհ, բայց սպասում ենք կորուստների։ Ի վերջո, սա մեծ գործարք է լինելու աշխարհի համար»։

Ավելի ուշ, խոսելով նոր զոհերի հավանականության մասին, նախագահը հավելել է. «Ցավոք, հավանաբար ավելի շատ զոհեր կլինեն մինչև ավարտը»։

Իրավիճակն էլ ավելի է սրվել Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունից հետո, ով մեղադրել է լրատվամիջոցներին զոհերի թեմայի վրա չափազանցված կենտրոնանալու մեջ՝ նպատակ ունենալով վնասել նախագահի վարկանիշին։ Հեգսեթի խոսքով՝ մամուլը անտեսում է ռազմական հաջողությունները և առաջնահերթություն է տալիս «ողբերգական պատահարներին»։

Մարտի 4-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը փորձել է մեղմել Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ լրատվամիջոցների հասցեին արված հայտարարությունները։

CNN-ի լրագրողի հարցին, թե արդյոք վարչակազմը կարծում է, որ լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն զինվորների մահը, Լևիթը հարցը որակել է «կեղծ» և հավելել. «Դա այն չէ, ինչ նկատի ուներ նախարարը»։

Leave a Comment