59 միլիոն դրամ՝ նույն հասցեատիրոջը. ինչո՞ւ է միլիոնները ստանում նույն անձը

Օրեր առաջ 168am-ը տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հերթական պայմանագիրն է կնքել և շուրջ 49 միլիոն դրամով պատվիրակել հատկացնել «Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման կազմակերպումը։

Մատակարարն արդեն ավանդույթ դարձած, ԿԳՄՍՆ-ի ֆավորիտ մատակարարներից է՝ «Կոնցեպտ իվենթս»-ը, որը 2025 թվականի այս ժամանակահատվածում դարձյալ գրեթե նույն գումարի չափով՝ ստանձնել է նույն միջոցառման կազմակերպումը, ավելին՝ 2024 թվականին ևս։

168am-ն առիթներ ունեցել է նշելու, որ «Կոնցեպտ իվենթս»-ը գործարար Վլադիմիր Գևորգյանի կողմից հիմնված «Գևորգիան Կոնցեռնի»-ի մի մասնիկն է, և, որ «Գևորգիան կոնցեռնն» իր հետ աֆիլացվող՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլ կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների ֆավորիտ մատակարարը։

Ու ահա, ասվածը նորից ապացուցվեց ընդամենն օրեր անց․ Վլադիմիր Գևորգյանին պատկանող «Գևորգյան կոնցեռն» ՍՊԸ-ն 59 միլիոն 190.000 դրամ է ստացել «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման համար։

Նույն կոնցեռնը նույն միջոցառման կազմակերպման համար 2025 թվականին ևս դրամաշնորհ է ստացել։ 

Leave a Comment