Մինասյանը՝ ՀԿԿ նախագահին. 890 ավարտված վարույթից կարճվել է 617-ը՝ մոտ 70 %-ը, որն է պատճառը

Մինասյանը՝ ՀԿԿ նախագահին. 890 ավարտված վարույթից կարճվել է 617-ը՝ մոտ 70 %-ը, որն է պատճառը

4 մարտի 2026 – 14:46 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից, թե որն է ավարտված քրեական վարույթների մեծ մասի կարճման պատճառներով։

«Դուք ասում եք 890 վարույթ է նախաձեռնվել և կարճվել է 617-ը, մոտ 70 %-ը։ Ինչո՞վ եք բացատրում այս մեծ թիվը, դրանցից քանիսն են կարճվել ոչ արդարացման հիմքով»,-ասել է Մինասյանը, հայտնում է Panorama.am-ը:

Մինասյանը նաև խնդրել է հստակեցնել, թե հաշվետվությունում նշված «նախկին պաշտոնատար անձ» ձևակերպումը կոնկրետ որ պահի դրությամբ է վերաբերում նախկին պաշտոնյաներին։

«Ես զեկույցում նշեցի, որ 2025 թ․ ընթացքում 2588 քրեական վարույթ են քննել, որից կարճվել է 617-ը»,-ասել է Նահապետյանը։

Մինասյանը ճշտել է, որ խոսքը զեկույցում նշված ավարտված 890 քրեական վարույթների մասին է, որոնցից 617-ը կարճվել են։

Նա նաև հարցրել է, թե ինչպես է Նահապետյանը գնահատում այն հանգամանքը, որ կոմիտեի ներկայացրած 243 կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն 102-ը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ճշտող հարցին հստակ պատասխան չի տվել, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ նշել է, որ 102 կալանավորման միջնորդությունների բավարարմանը զուգահեռ կիրառվել են նաև այլ խափանման միջոցներ՝ 80 տնային կալանք և վարչական վերահսկողություն։

Leave a Comment