Մարտի 4-ին քաղաք Սիղնաղիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, կողմերը կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին հյուպատոսական աջակցությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։
Միրզոյանը և Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը՝ ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները։
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
