4 մարտի 2026 – 12:30 AMT
PanARMENIAN.Net – Զինհաշմանդամությամբ անձանցից գումար հափշտակած հանցավոր խումբ է բացահայտվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
Պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ն նախնական համաձայնությամբ խաբեությամբ փորձել են գումարներ ստանալ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք անձանցից։
Նրանք շահարկել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անունը՝ ներկայացնելով, թե կարող են ապահովել 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն, որի դիմաց պահանջել են նշված գումարի 10 տոկոսի չափով կանխավճար։
«Այնուհետև, Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից հիշյալ պատրվակով պահանջել և 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 800 հազար ՀՀ դրամ, որը խարդախությամբ հափշտակել են:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ վերջիններս հրաժարվել են գումար փոխանցել նրանց:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ միաժամանակյա խուզարկություններ մոտ մեկ տասնյակ հասցեներում:
Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ):
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի հետ հանցավոր համաձայնություն ձեռք բերած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։