Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածեցին Իրանին։ Դա ներկայացրին որպես իրենց անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելուն և իրանական միջուկային ծրագիրը խափանելուն ուղղված քայլ։

Իրանն իր հերթին հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների վրա։ Այս հակամարտության արդյունքում հարվածների տակ են ընկնում ռազմաբազաներ, էներգետիկ օբյեկտներ, հսկա գործարաններ, օդանավակայաններ, տարբեր ենթակառուցվածքներ, նավահանգիստներ և այլն։

Իրանի օդային հարվածներից հետո Կատարի պետական Qatar Energy նավթագազային ընկերությունը մարտի 2-ին հայտարարեց, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը։ Դա հանգեցրել է Եվրոպայում և Ասիայում գազի գնի կտրուկ աճի։ Qatar Energy-ն, ըստ տարբեր աղբյուրների, աշխարհում հեղուկ գազի խոշորագույն արտադրողն է։ 

Հակամարտության սրման հետևանքով աշխարհում թանկանում է նավթը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը ֆոնին գլխավոր լուրերի շարքում են Հորմուզի նեղուցի հետ կապված իրադարձությունները։ Այս նեղուցը ընկած է Օմանի և Իրանի միջև։ Համաշխարհային տնտեսության համար Հորմուզի նեղուցը կարևորագույն զարկերակներից է՝ նավթի և հեղուկ գազի տեղափոխման համար։ Համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։ Արդեն այսօր՝ մարտի 4-ի առավոտյան, Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է նեղուցը, և դրանով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կարող է ենթարկվել հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածներին։

«Այս ամենի համատեքստում Հայաստանին սպառնացող ռիսկերը նախևառաջ անվտանգությանն են վերաբերում։ Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, ապա Հայաստանի վրա առաջին հերթին ազդեցություն կլինի բենզինի գների հնարավոր բարձրացմամբ, հայ-իրանական էներգետիկ ծրագրերի դանդաղմամբ, Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտներով։ Սակայն, ներքին էներգետիկ անվտանգության հարցեր առաջիկայում չեն առաջանա»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը։

Ըստ նրա՝ քանի որ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալները մեծ չեն, հետևաբար, այս իրադարձությունները չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանում սպառվող գազի գնի վրա։ 

«Եթե Հայաստանին գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, որի հետ ունենք երկարաժամկետ պայմանագիր և գազի գնի բարձրացում չի սպասվում, ապա նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի գները կարող են բարձրանալ, քանի որ միջազգային շուկան ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Ոչ մի «խաղաղություն» չի կարող օգնել, եթե դա երկար տևի»,- ասում է փորձագետը։ 

Հայաստանին բենզինի հիմնական մատակարարը (ավելի քան 60%-ը) Ռուսաստանն է։ Հայաստանը բենզին է ներկրում նաև Մալթայից, Բուլղարիայից, Ռումինիայից և այլն։ 

Բնական և հեղուկ գազի հիմնական մատակարարը ևս Ռուսաստանն է։ Հայաստան ներկրվող բնական գազի 20%-ն է բաժին ընկնում Իրանին։ 

«Հայաստանի վրա այս պահին գազի միջազգային գների բարձրացումները չեն ազդում։ Տվյալ պահին տուժում է եվրոպական շուկան, որը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական գազից, և իրենց համար հիմնական մատակարարը պետք է Կատարը լինի։ Դա կարող է մեր տնտեսության վրա անուղղակի գնաճի տեսքով ազդել ներմուծվող ապրանքների հաշվին, բայց՝ ոչ անմիջապես գազի գնի»,- նշում է Արթուր Ավետիսյանը։ 

Իրանական լրատվամիջոցները երեկ հայտարարել են, որ Իրանից սննդամթերքի և գյուղատնտեսական որոշ ապրանքների արտահանումն արգելվել է, որը ևս կարող է ազդել հայկական շուկայի վրա։ 

Հայ-իրանական առևտրի տվյալները թույլ են տալիս որոշակի հետևություններ անել։

Իրանի հետ առևտրում Հայաստանն առավելապես ներմուծողի դերում է. հիմնականում էլեկտրաէներգիա է արտահանվում

2025 թվականի տվյալներով՝ Հայաստանը Իրան է արտահանել 88 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 680 մլն դոլարի։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2024 թվականի համեմատ Հայաստանից Իրան արտահանումը կրճատվել է 18.3%-ով։ Փոխարենը 8.1%-ով ավելացել է ներմուծումը։ 

Հատկապես 2021 թվականից՝ Իրանից Հայաստան ներմուծումը զգալի աճել է։ Արտահանումը մնում է ցածր մակարդակում։

Հայաստանի արտահանման կազմում Իրանի տեսակարար կշիռը 2025 թվականի տվյալներով 1% է, ներմուծման կազմում՝ 5.2%։ 

Հայ-իրանական առևտրի առանցքում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ 2009 թվականից Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման սկզբունքով` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ: Հայաստանը 1 խմ գազի դիմաց Իրանին տալիս է 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Ծրագրի ժամկետները պարբերաբար երկարացվում են։

Եթե այս ծրագիրը չլինի, ապա կարելի է ասել, որ հայկական ապրանքները իրանում գրեթե պահանջարկ չունեն։ 

Հայաստանի Մաքսային ծառայության վերջին տվյալներով` 2025 թվականի առաջին կիսամյակում (տարեկան տվյալները հրապարակված չեն) Հայաստանից Իրան է արտահանվել 45 մլն դոլարի ապրանք, որի գրեթե 80%-ը էլեկտրաէներգիան է։ 

Հայաստանը Իրան է արտահանել ոչ մեծ քանակի պղնձի խտանյութ, ինչպես նաև՝ հիգիենայի պարագաներ (անձեռոցիկ, բամբակե իրեր և այլն) և շինարարական տեխնիկա (ավտոուղեհարթիչ, բեռնիչ, տոփանիչ տողով), որը նեմուծել է մեկ այլ երկրից և վերաարտահանել է։

Վտանգվու՞մ է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը

Ըստ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի՝ ներկայում Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ամենակարևոր ծրագիրը Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունն է։ Կառավարությունը պարբերաբար խոստանում է հնարավոր սեղմ ժամկետներում ավարտել շինարարությունը։ Սպասվում է, որ այդ գիծը շահագործման հանձնելուց հետո հնարավոր կլինի Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները եռապատկել։ 

Արթուր Ավետիսյանը չի շտապում գնահատել՝ Իրանում ստեղծված իրավիճակը վտանգու՞մ է այս գծի շինարարությունը։ Ամեն ինչ կախված է հակամարտության տևողությունից և ուժգնությունից։ Բոլոր դեպքերում, ռիսկեր կան։ 

«Մենք ներկայում ավելի շատ տեղակայված հզորություններ ունենք, քան արտահանում ենք։ Պատճառը սահմանափակ ենթակառուցվածքներն են։ Եթե Իրանում այս իրավիճակը շարունակվի, ռիսկ կա, որ այս շինարարության ավարտը կերկարագձվի՝ չնայած այն Հայաստանի տարածքում է։ Անկախ կոնֆլիկտի ընթացքից, կարծում եմ՝ Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի պահանջարկը Իրանը միշտ է ունենալու։ Քաղաքական գործիչները քննարկում են, որ վատագույն սցենարներից է Իրանի մասնատումը։ Այդ պարագայում է, որ կարող են նմանատիպ ծրագրերը վերանայվել, բայց ամեն ինչ կախված է ոչ միայն պատերազմի տևողությունից, այլև՝ ուժգնությունից, այն վնասներից, որոնք երկու կողմերը կրում են։ Կարող է այն մեկ շաբաթ տևել, բայց այնպիսի վնասներ հասցնել, որ երկար տևի վերականգնումը»,- նկատում է փորձագետը։

Ըստ նրա՝ չնայած նմանատիպ ծրագրերի կասեցումը կամ դանդաղումը կարող է Հայաստանի տնտեսությանը վնասել, սակայն, գոնե ներկայում էներգետիկ անվտանգության խնդիր չկա։ 

2025 թվականի հուլիսին, երբ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կրկին սրվել էր, Հայաստանում ակտիվացան էներգետիկ անվտանգության և այն ռիսկերի մասին քննարկումները, որոնց կարող էր բախվել Հայաստանը։ ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանի դիտարկմամբ՝ նման դեպքերում մթագնում են Հայաստանի և հարևան Իրանի միջև ներկա էներգետիկ համագործակցության և ընդլայնման հեռանկարները, սակայն հայկական ներքին շուկայում թե՛գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով անվտանգության հարցեր չեն առաջանում։ 

Փոխարենը, ինչպես այդ ժամանակ, այնպես էլ այսօր՝ չի բացառվում, որ Իրանից Հայաստան ներմուծումները դանդաղեն և հայկական շուկայում որոշ ապրանքների գնի աճի հանգեցնեն։

Գազից, երկաթե ձողերից մինչև կարագ. Իրանից Հայաստան ներմուծումն ավելի դիվերսիֆիկացված է

Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Իրանից Հայաստան է ներմուծվել 304 մլն դոլարի ապրանք։

Ի տարբերություն արտահանման, ներմուծումը բավականին դիվերսիֆիկացված է։ Իրանից Հայաստան ներմուծվող թիվ մեկ ապրանքը գազն է (տե՛ս ստորև ինֆոգրաֆիկան, թեև վիճակագրության մեջ բացվածք չկա, սակայն, ըստ էության, սրա գերակշիռ մասը բնական գազն է)։ 

Հայաստան ներմուծվող բնական գազի մինչև 20%-ը Իրանից է, մնացածը հիմնականում բաժին է ընկնում Ռուսաստանին։ 

Հայաստանը Իրանից ներմուծում է զգալի ծավալի շինարարական ապրանքներ, օրինակ՝ երկաթե և պողպատե ձողեր, ցեմենտ, գլանվածք, բիտում, սալիկներ և այլն։ Ներմուծվող ապրանքների առաջատար դիրքերում են նաև մոլիբդենի խտանյութը, նավթամթերքը (ենթադրվում է՝դիզելային վառելիքը), կաթը և սերուցքը, կարագը, ցիտրուսային պտուղները, բանջարեղենը։ 

Կան Հայաստան ներմուծվող ապրանքներ, որոնց գերակշիռ մասը գալիս է Իրանից։ Օրինակ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներմուծված ցեմենտի 92%-ը Իրանից է։ 

«Մեր ցամաքային առևտուրն իրականացվում է Վրաստանով և Իրանով։ Իրանով անցնում է Հայաստանի արտաքին առևտևրի 20-25%-ը։ Եթե Իրանում ընթացող իրավիճակը երկար տևի, Հայաստանի առևտրաշրջանառության համար դա կարող է խնդիրներ առաջացնել։ Իրանից ներմուծվող մի շարք ապրանքներ գին-որակ հարաբերակցությամբ ձեռնտու են հայ սպառողին։ Եթե իրանական ծագման և Իրանով Հայաստան մտնող մյուս երկրների ապրանքների ներմուծումը դանդաղի կամ դադարեցվի, հայկական շուկայում դրանց այլընտրանքները, այդ թվում՝ տեղական արտադրանքը, կարող է ավելի թանկ լինել և որակով զիջել, առաջին հերթին՝ շինարարական ապրանքների մասով։ Դա էլ իր հերթին կարող է շինարարության ոլորտին վնասել»,- ասում է Արթուր Ավետիսյանը։

Քանի որ Իրանն արդեն հայտարարել է գյուղմթերքի արտահանման արգելքի մասին, մասնագետները չեն բացառում, որ առաջիկայում դա ևս բացասաբար ազդի հայկական շուկայի վրա և գնաճի հանգեցնի։

Ընթացող հակամարտությանը ներգրավել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, որի հետ Հայաստանի առևտուրը վերջին երեք-չորս տարիներին թռիչքային աճել է՝ վերաարտահանումների հաշվին։ ԱՄԷ-ից նաև դրամական փոխանցումներ են իրականացվում Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Չի բացառվում, որ այս հակամարտությունը բացասական ազդեցություն ունենա նաև Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապերի վրա։

Հայաստանում սպասվում են նաև միգրացիոն հոսքեր Իրանից, արտարժույթի տատանումներ, այս իրավիճակով պայմանավորված՝ ոսկու միջազգային գնի բարձրացման և բազմաթիվ այլ գործոնների ազդեցություններ, որոնք դեռ վաղ է հստակ գնահատել։ 

Ավելի վաղ, «Հետքի» հետ զրույցում ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել էր, որ Հայաստանը պետք է զգոն և պատրաստ լինի բոլոր տեսակի զարգացումներին, այդ թվում՝ Իրանի հետ ճանապարհի փակվելուն, որը լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, փախստականների մեծ հոսքին Իրանից: 

Հաջորդիվ կներկայացնենք Իրանից Հայաստան զբոսաշրջային հոսքերն ու ներդրումները։

Գլխավոր լուսանկարում՝ Թեհրան, Իրան, երկուշաբթի, 2 մարտի, 2026թ. (AP Photo/ Vahid Salemi)



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment