4 մարտի 2026 – 12:23 AMT
PanARMENIAN.Net – Հայ Առաքելական եկեղեցին չի միջամտում քաղաքականությանը, սակայն Սահմանադրությունը նրան չի արգելում ձայն բարձրացնել ի պաշտպանություն երկրի հոգևոր անվտանգության, հայտարարել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եկեղեցին, որպես վերկուսակցական ինստիտուտ, ելնելով իր առաքելությունից, երբեք չի միջամտել պետության գործերին։ Այս դրույթն ամրագրված է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում. եկեղեցին անջատ է պետությունից և քաղաքականությամբ չի զբաղվում։ Իշխանությունն իր հերթին իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Միևնույն ժամանակ, դարձյալ ըստ Սահմանադրության, եկեղեցուն արգելված չէ արդարության ձայն բարձրացնել հօգուտ ազգի և երկրի հոգևոր անվտանգության»,-ասել է սրբազանը:
Մեկնաբանելով հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը՝ Ներսիսյանը դրանք բնութագրել է որպես «արհեստական»։
«Ամեն ինչ արվեց, որպեսզի վեց եպիսկոպոսի արգելվի մասնակցել Ավստրիայում կայացած բարձրաստիճան եկեղեցականների հավաքին։ Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի նրանց հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, հավաքին մասնակցել է 25 սրբազան։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ աբսուրդային մեղադրանք է առաջադրվել՝ նախկին եպիսկոպոս Սարոյանին պաշտոնում վերականգնելու և հոգևոր աստիճանը վերադարձնելու մասին դատական որոշումը չկատարելու համար»,-հայտարարել է արքեպիսկոպոսը։
Նա չի բացառել, որ կաթողիկոսի դեմ կարող են կիրառվել ավելի ծայրահեղ միջոցներ:
«Իշխանություններն օգտագործում են ամբողջ վարչական ռեսուրսը, քաղաքական նպատակներից ելնելով, հոգևորականներին հեղինակազրկելու, եկեղեցու հանդեպ անհանդուրժողականություն սերմանելու համար»,-ասել է նա:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: