4 մարտի 2026 – 10:25 AMT
PanARMENIAN.Net – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության շուրջ մտահոգությունները կրկին ակտիվացել են այն բանից հետո, երբ իրանական լրատվամիջոցները տարածել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդականի հայտարարությունը, որը նշել է, որ Թեհրանը քայլեր է ձեռնարկելու իր բնորոշմամբ «թշնամիների նավթի մատակարարման ուղիների դեմ», գրում է Turkiye Today-ը:
Այդ հայտարարությունից հետո կրկին ուժեղացել են քննարկումները, թե ԲԹՋ խողովակաշարը կարող է հայտնվել հնարավոր թիրախների շարքում, հայտնում է Factor.am-ը:
Middle East Eye-ն, հղում անելով մի շարք արաբական աղբյուրների, նույնպես հաղորդել է նման մտահոգությունների մասին։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը Կասպից ծովի ավազանում գտնվող ադրբեջանական Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերից հում նավթը տեղափոխում է Թուրքիայի հարավում գտնվող Ջեյհան նավահանգիստ՝ Միջերկրական ծովի ափին, ապահովելով եվրոպական շուկաներ արտահանման առանցքային կապը։
Նավթատարի տարանցման հզորությունը հասնում է օրական մոտ 1․2 միլիոն բարելի։ Նախագծում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է բրիտանական BP էներգետիկ ընկերությանը՝ մոտ 30 տոկոս։
Middle East Eye-ին իրանցի բարձրաստիճան աղբյուրները նաև հայտնել են, որ Իսրայելը «իր կեղտոտ աշխատանքը Իրանի և տարածաշրջանի դեմ կատարում է Ադրբեջանի միջոցով»՝ հավելելով, որ վերջին տարիներին նման գործունեությունն ավելի է ակտիվացել։
Միաժամանակ Reuters-ը հաղորդել է, որ մարտի 3-ին դադարեցվել է իրաքյան նավթի բեռնումը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում՝ հղում անելով նավագնացության ոլորտի աղբյուրին։ Հյուսիսային Իրաքից արտահանումը վերսկսվել էր սեպտեմբերի վերջում՝ մոտ երկու տարվա դադարից հետո, երբ Բաղդադը և Էրբիլը ժամանակավոր համաձայնության էին հասել օրական 180-190 հազար բարել նավթի փոխադրման վերաբերյալ։
Առայժմ որևէ հստակ նշան չի եղել, որ բեռնափոխադրումների դադարեցումն ուղղակիորեն կապ ունի Թեհրանից հնչած վերջին հայտարարությունների հետ։
Մինչ այդ, շաբաթավերջին սկսված ԱՄՆ-Իսրայել համատեղ ավիահարվածներից հետո Իրանը պատասխանել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով Պարսից ծոցի մի շարք երկրներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական բազաները։ Հարվածների թիրախում հայտնվել են Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Օմանի կարևոր նավթագազային ենթակառուցվածքները։
Լարվածությունն ազդեցություն է ունեցել նաև Հորմուզի նեղուցում նավագնացության վրա։ Համաշխարհային նավթի և գազի արտահանման մոտ 20 տոկոսը անցնում է այդ նեղուցով, սակայն իրավիճակը լրջորեն խաթարվել է այն բանից հետո, երբ Թեհրանը սպառնացել է քայլեր ձեռնարկել այնտեղով անցնող նավերի դեմ։
Այս զարգացումների հետևանքով էներգակիրների շուկաներում գներն արագ աճել են։ Brent տեսակի նավթի արժեքը 2024 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ բարձրացել է՝ գերազանցելով մեկ բարելի համար 85 դոլարը։