Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունների հրահանգով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում սկսել են զանգահարել բնակիչներին և խոստանալ տանիքների վերանորոգում, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ համայնքապետարանի աշխատակիցները զանգահարում են գյուղացիներին և ցուցակագրում այն տնտեսությունները, որոնք ունեն տանիքների հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, հարցնում են՝ արդյոք տանիքն ասբեստի՞ց է, և հավաստիացնում, որ պետք է փոխվեն։
Թեև Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը պարզաբանել է, որ սա ընդամենը մարզպետարանից ստացված գրության հիման վրա իրականացվող վիճակագրական տվյալների հավաքագրում է, գործընթացի ժամանակահատվածը հիմք է տալիս ենթադրելու վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին, նշել է թերթը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅ Դաշնակցությունը, «Հայ ազգային կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան), «Բոլորին դեմ եմ» շարժումը և այլն:
Ընտրական քարտեզի վերաբերյալ առավել մանրամասն Armenia Today-ի տեսանյութում՝
