«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՊԵԿ-ը կանխել է ՌԴ-ից ՀՀ շուրջ 500,000 դոլար արժողությամբ թաքցված ոսկու ներմուծումը։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության և էլեկտրոնային առևտրի օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։
Նշվում է, որ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես, քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող։
Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Նման ձևափոխման և տեղադրման եղանակով փորձել են դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։ Ինչի մասին գրավոր հայտնել է նաև ներմուծում իրականացրած քաղաքացին։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրվում են նաև գույքի ծագման աղբյուրները և դրա օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը։
Նշվում է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։