Մամիջանյան. Սիմոնյանը պետք է գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում Սարգսյանին խորհուրդներ տալ

Մամիջանյան. Սիմոնյանը պետք է գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում Սարգսյանին խորհուրդներ տալ

3 մարտի 2026 – 14:50 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի՝ «իր քաղաքական և ոչ միայն կալիբրը թույլ չի տալիս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալ», հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ալեն Սիմոնյանը դիմել էր Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով հեռանալ քաղաքական դաշտից՝ պնդելով, թե նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր այդ մասին են երազում։

«Նախագահ Սարգսյանն այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամն իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը, այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձրացրել, բայց երբ իրենք իշխանություն էին, իրենք հանձնեցին և՛ Աղդամը, և՛ Արցախը, և՛ ՀՀ սուվերեն տարածքից որոշակի հատվածներ»,- նշել է Մամիջանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նաև կոչ է արել Ալեն Սիմոնյանին իր անձնական ցանկությունները չվերագրել Հանրապետական կուսակցությանը։

«Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին, նա արտահայտում էր իր երազանքները ՔՊ-ում փոփոխությունների տեսանկյունից, այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը թող զգույշ լինի»,- ընդգծել է Մամիջանյանը։

Անդրադառնալով իմպիչմենտի հարցին՝ Մամիջանյանն ասել է, որ իմպիչմենտը միշտ ՀՀԿ օրակարգի թիվ մեկ հարցն է:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն առաջիկա օրերին գումարելու է գործադիր մարմնի նիստ և հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ։

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը իմպիչմենտի միասնական թեկնածու է, դիմել է ՀՀԿ գործադիր մարմնին՝ հորդորելով փողոցային պայքար սկսել իմպիչմենտի հասնելու նպատակով:

Մամիջանյանի գնահատմամբ՝ Համբարձումյանի նամակում ընդգծվել են պետական մտածողությունը, իշխանափոխության ընդհանուր նպատակը գիտակցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկրորդական հարցերն ու անձնական ամբիցիաները մի կողմ դնելու մոտեցումը։

Նա հավելել է, որ Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ, այլ ուղիղ հղում է եղել փողոցային պայքարին։

«Իմ համեստ կարծիքով՝ դեմ լինել իմպիչմենtին՝ նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որն ընդդիմության համար աընդունելի գործելաոճ է»,- նշել է Հայկ Մամիջանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, պատասխանել է․ «Խուճապի մեջ ենք»։

Նա ընդգծել է, որ ընտրությունների նախաշեմին նման քայլերն անիմաստ են։

«Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար։ Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, ի՞նչ իմպիչմենթ անեն»,-ասել է Սիմոնյանը։

Համբարձումյանի հայտարարության մեջ ասվում էր․«Ընտրություններն արդեն իսկ կեղծվում են, և ռիսկը մեծ է, որ միջազգային հանրության աջակցությունը վայելող, ոչ հայկական օրակարգեր սպասարկող ՀՀ փաստացի կառավարիչը կարող է հասնել իր նպատակին։ Մինչդեռ իմպիչմենտը ենթադրում է նաև ակտիվ փողոց՝ ակցիաներ, ցույցեր, քաղաքացիական լայն զանգվածների ճնշում։

Առաջարկում եմ շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները՝ սկսած վարչապետի թեկնածուի փոփոխության հարցից, եթե նման անհրաժեշտություն կա, ավարտելով տեխնիկական բնույթի խնդիրներով։

Leave a Comment