Թորոսյան․ Միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կլինի

Թորոսյան․ Միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կլինի

3 մարտի 2026 – 17:36 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ում կենսաթոշակների բարձրացման արդյունքում միջին թոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղից բարձր։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ժամանակ հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում միջին կենսաթոշակը կդառնա 59, 191 դրամ, բայց կա նաև հետվճարի համակարգը, հայտնում է Արմենպրեսը:

«Վերջին տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղը 61, 768 դրամ է։ Մեր միջին կենսաթոշակը հիմա 49,451 դրամ է: Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշմամբ այն դառնում է միջինը 59,191 դրամ: Այսինքն՝ միայն կենսաթոշակն արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին։ Բայց մենք ունենք նաև հետվճարի համակարգը (խմբ. կենսաթոշակառուները իրենց թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու դեպքում ստանում են հետվճար՝ կատարած առևտրի 20 տոկոսը՝ առավելագույնը 10 հազար դրամ), որն ակտիվ տարածվում է։ Արդեն ունենք 415,000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը։ Հետվճարի միջին ամսական գումարը 7000 դրամ է, և երբ մենք 59,000 դրամին գումարում ենք 7000 դրամը, ստացվում է 66,000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամով»,- մանրամասնել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին հետվճարից օգտվել է 400 հազար կենսաթոշակառու, իսկ հունվարին այդ ցուցանիշը ավելացել է ևս 15 հազարով։ Նրա խոսքով՝ հետվճարից օգտվողների թիվը շարունակաբար աճել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հետվճար ստանալու համար կենսաթոշակառուները պետք է կատարեն անկանխիկ առևտուր։ Անդրադառնալով 10 հազար դրամով թոշակների բարձրացմանը՝ նա ընդգծել է, որ 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը կազմել է 5.1 տոկոս, մինչդեռ փաստացի գրանցվել է 7.2 տոկոս, և կենսաթոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ արտահայտությունն է դարձել։

Վարչապետը նշել է, որ կառավարության առաջիկա նիստում պետք է դե յուրե որոշում կայացվի թոշակները 10,000 դրամով բարձրացնելու վերաբերյալ և հետաքրքրվել է, թե որ քաղաքացիներին է վերաբերվելու այդ փոփոխությունը, հայտնում է Radar Armenia-ն:

Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ մոտավորապես 600,000 քաղաքացիների թոշակը կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։

«Մյուս հատվածի մեջ կան մարդիկ, որոնց դեպքում ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10,000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն՝ ինչով է դա պայմանավորված: Տարբեր բանաձևերով են հաշվարկվում կենսաթոշակները, և կան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է: Այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում, և դրա արդյունքում ստացվում է, որ շատ զինծառայողների դեպքում, օրինակ, կենսաթոշակը կբարձրանա 15,000 դրամով: Ընդհուպ մինչև ունենք դեպքեր, որ ավելի, և շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաև արդեն բարձր է 90,000 դրամից, կբարձրանա, ասենք՝ 5, 6, 7 հազար դրամով:

Այն քաղաքացիները, որոնց ասում ենք ուղիղ 10,000 չի բարձրանում, հիմա 96,000 է միջին կենսաթոշակը, այդ բարձրացումից հետո կդառնա 105,000, այսինքն՝ այնուամենայնիվ 8500 դրամի չափով միջինը բարձրանում է, բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10,000-ով»,- նշել է նախարարը։

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան՝ չհաշված հետվճարը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիմնավորել է որոշումը 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվածից բարձր լինելու հանգամանքով:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ: Այս հաշվարկների մեջչկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է. որի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է նա։

Leave a Comment