ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները վտանգավոր չեն TRIPP նախագծի համար

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին և հայտնել, որ դրանք վտանգավոր չեն TRIPP նախագծի համար։
Սիմոնյանը ցավակցություն է հայտնել հակամարտության գոտիներում զոհերի կապակցությամբ և հույս հայտնել, որ իրադարձությունները հնարավորինս կարճ կտևեն, քանի որ անմիջականորեն հարևան երկրի հետ են տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել։
«Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս, ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևիցե ձևով կապ չունի, և հույս ունենք, որ որևէ ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի»,- ասել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանի խոսքով՝ միաժամանակ, շատ հաճելի է տեսնել, որ այդ պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են միասին խաղաղության եզրեր գտնել, խաղաղություն կառուցել:
Ըստ ԱԺ նախագահի՝ չպետք է ներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ և այնպես անել, որպեսզի խաղաղության գործընթացը չվնասվի: