Yandex Armenia-ն վարորդների հետ քննարկել է Yandex Go-ի հետ կապված հարցերը

Yandex Armenia-ն վարորդների հետ քննարկել է Yandex Go-ի հետ կապված հարցերը

3 մարտի 2026 – 12:25 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 27-ին Yandex Armenia-ի գրասենյակում կայացել է ընկերության ղեկավարության հանդիպումը ցուցարար վարորդների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Yandex Go հավելվածի միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդների մտահոգությունները․ ընկերությունը ներկայացրել է ծառայության աշխատանքի սկզբունքները և տեղեկացրել ձեռնարկվող քայլերի մասին, որոնք կբարելավեն վարորդների գործունեության հարմարավետությունը։

Ընկերության հետ վարորդների ուղիղ կապն ապահովելու նպատակով` մոտ ապագայում կներդրվի ընկերության ղեկավար անձնակազմի հետ անհատական հանդիպումների ձևաչափ, իսկ տարեվերջին նախատեսվում է գործարկել կատարողների միասնական կենտրոնը՝ վարորդների և առաքիչների հետ հաղորդակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցել Յանդեքս քարտեզներում երբեմն դրսևորվող անհամապատասխանությունները առավել օպերատիվ շտկելու ուղղությամբ։ Մշակվում է հետադարձ կապի գործիք, որով վարորդներն ընկերությանը կտեղեկացնեն ճանապարհային նշանների և այլ էական փոփոխությունների մասին` դրանք ընկերության քարտեզում օպերատիվ կերպով ներառելու համար։

Վարորդները մտահոգություններ են հայտնել մի շարք հարցերի շուրջ՝ կապված ուղևորների կողմից մոտեցման վայրի նշանակման, կանխիկ վճարում իրականացնող որոշ ուղևորների անբարեխիղճ վարքագծի, ինչպես նաև Երևանի կենտրոնում և օդանավակայանում սպասման ժամանակի հետ, որը ներկա գործող կարգավորումների պայմաններում հանգեցնում է Ճանապարհային ոստիկանության կողմից վարորդների նկատմամբ տուգանքների նշանակմանը։ Yandex Armenia-ում հայտնել են, որ կիրագործեն տեխնիկական լուծումներ, ինչպես նաև քննարկումներ կնախաձեռնեն լիազոր կառույցների հետ՝ գտնելու կարգավորումներ, որոնք հնարավորինս կարող են նվազեցնել տուգանքների դեպքերը։ Անբարեխիղճ ուղևորներին, ովքեր կանխիկ վճարման եղանակի դեպքում գտնում են վճարումն իրականացնելուց խուսափելու ուղիներ, վարորդների ահազանգերի հիման վրա Yandex Go հավելվածում կբլոկավորեն։

Վարորդների վարկանիշի, պատվերի գումարի փոփոխության հետ կապված բողոքների առնչությամբ ընկերության ներկայացուցիչները ևս մեկ անգամ բացատրել են համակարգի գործողության սկզբունքները։ Այդ թվում՝ տեղում անհատական դեպքերի վեր հանմամբ ներկայացվել է, թե ինչպիսի գործոններ են ազդում վարկանիշի ձևավորման, այդ թվում նվազման վրա, ներառյալ չարաշահումների փորձերը։ Պատվերի նախնական և փաստացի գումարի փոփոխության վրա ազդող գործոնները ևս ներկայացվել են՝ ամրագրելով, որ փոփոխության պարագայում գումարը նույնն է ուղևորի և վարորդի համար։

Հաշվի առնելով ցույցերի ընթացքում հանրային դաշտում շահարկվող՝ Yandex Go ծառայության վարձատրության («միջնորդավճարի») սահմանաչափերի մասին ոչ ճշգրիտ տեղեկատվությունը՝ ընկերությունը նաև ներկայացրել է Yandex Go ծառայության վարձատրության գործող սահմանաչափերը․ 2025 թվականի ավարտից «Ստարտ/Էկոնոմ» սակագնում, որտեղ պատվերներ է իրականացնում վարորդների մոտ 60 տոկոսը, տոկոսադրույքը նվազեցվել է 14․5 տոկոսի՝ Երևանի համար, իսկ մարզերում կազմում է 6 տոկոս, իսկ ավելի բարձր սակագներում այն կազմում է 16․5 տոոկս՝ Երևանում, և 7 տոոկս՝ մարզերում։ Ընդ որում՝ նշված տոկոսադրույքով վարձատրությունը ներառում է ավելացված արժեքի հարկ, և ընկերությունը 2025 թվականին ՀՀ պետական բյուջե է վճարել ավելի քան 3․6 միլիարդ ՀՀ դրամ հարկեր՝ միայն Yandex.Taxi (Yandex Go) ծառայության գծով։

Ծառայության վարձատրության տոկոսադրույքների համատեքստում ընկերությունից նաև ընդգծել են, որ գործունեությունն իրականացվում է պետական լիազոր մարմինների վերահսկողության և գործող կարգավորումների շրջանակում, և ընկերությունը գերշահույթ չի ստանում։

Իսկ վարորդներից հանրագումարային գանձվող վճարումների չափի հետ կապված (Yandex Go ծառայության վարձատրություն, գործընկեր պարկի վարձատրություն՝ միջինում 2 տոկոս, պետական տուրք՝ 4-5 տոկոս)՝ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ կդիտարկեն Yandex Go հավելվածի միջոցով վարորդների կողմից պատվերներ իրականացնելու հնարավոր այլընտրանքային ձևաչափերի ներդրման հարցը։ Այդպիսով վարորդներին կառաջարկվի Yandex Go-ի միջոցով պատվերներ իրականացնելու ևս մեկ՝ լրացուցիչ տարբերակ, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ վարորդից գանձվող վճարումների ընդհանուր չափի նվազեցման վրա։

Leave a Comment