Ծառուկյան․ Շրջելու եմ ամբողջ Հայաստանով՝ փորձելու համերաշխության կարևորությունը հասցնել բոլորին

Ծառուկյան․ Շրջելու եմ ամբողջ Հայաստանով՝ փորձելու համերաշխության կարևորությունը հասցնել բոլորին

3 մարտի 2026 – 12:50 AMT

PanARMENIAN.Net – «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՀԿ առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանը։

«Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ, փորձելու եմ այս գաղափարի կարևորությունը հասցնել բոլորին»,-գրել է նա:

Ծառուկյանը հավելել է, որ կյանքի բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև քաղաքականություն, մեզ պետք են համակեցության նոր կանոններ և ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։

«Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե´ ներելու, թե´ ներողություն խնդրելու։ Զիջելն ամոթ չէ, զիջելը վստահության և ինքնահարգանքի նշան է։

Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որ կա մեր մեջ։ Մենք սկսել ենք իրար թշնամու պես վերաբերվել։ Տարօրինակ բան է. թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում, ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում։ Սա անտրամաբանական է։

Կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքերը, պատմությունները, որ ամեն օր տեղի են ունենում մեր քաղաքներում ու գյուղերում, նորմալ մարդուն չեն կարող անտարբեր թողնել։ Սա ձևավորված մթնոլորտի ու շատ կարևոր բացթողման ուղիղ հետևանքն է։

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ։

Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն։

Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի. դա թշնամու ցանկությունն է։

Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։

Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափար ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում»,-ասվում է գրառման մեջ:

Ծառուկյանը հավելել է, որ այսքան աղետներից ու կորուստներից հետո պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։

«Աշխարհի ո´ր ծայրում էլ լինի՝ հայը հային պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել վնասաբեր թշնամանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ներքին ուժին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան »,–ասել է նա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment