Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին



Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500,000 դրամ փոխհատուցում։


Հայցը վերաբերում է 2026-ի փետրվարի 5-ին Ֆեյսբուքում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Կարեն Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներում» նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ինչպես նաև իբր ատել է Հայաստանից եկած զինվորներին։


Ջալավյանը հայցով պահանջում է, որ Ռոման Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջերում հրապարակի տեսաուղերձ և գրավոր հայտարարություն։ Հերքման տեքստում նա պետք է հայտարարի, որ իր տարածած տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է նաև, որ հերքման հրապարակումը պետք է պահպանվի էջերում անժամկետ և լինի հանրամատչելի։

«Դատալեքս» համակարգում գործի քննության ժամկետների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։

Սա առաջին դեպքը չէ, երբ արցախցիները հայց են ներկայացնում ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։

Անցած տարվա ապրիլին «Արցախի միություն» կազմակերպությունը հայց էր ներկայացրել Ռոման Բաղդասարյանի դեմ՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի» հոդվածով (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված): Այն ժամանակ Դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Ռոման Բաղդասարյանի վերաբերյալ հաղոդումը վարույթ է ըդնունվել, հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Ռոման Բաղդասարյանը 2025-ի ապրիլի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «օգնություն ստացել են ազնիվ մարդիկ, ովքեր հանցագործություններ չեն կատարել։ Նրանց թիվը կազմում է Արցախից բռնի տեղահանվածների մոտ 12-14 տոկոսը»։ Բաղդասարյանը չէր սահմանափակվել սրանով։ Նա պնդել էր, որ օգնություն են ստացել «1000 ղարաբաղցի սպա, որոնք սպանել են խաղաղ երևանցիների» և «ղարաբաղցի սպաներ, ովքեր դիտավորյալ սպանել են մեր զինվորներին»։

Գործարար Սամվել Կարապետյանը Ռոման Բաղդասարյանի դեմ ևս քաղաքացիական հայցեր է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային հերքում, ներողություն և փոխհատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment