Բաղմանյանն ու ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն

Բաղմանյանն ու ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն

3 մարտի 2026 – 12:08 AMT

PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Հայկազ Բաղմանյանն ու նրա մերձավորները 2026թ. մարտի 3-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության համապատասխան վարչություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում իրականացվող ուսումնասիրության կապակցությամբ։

Բաղմանյանից բացի հրավիրվել են նրա կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը և փոխկապակցված Զարա Ադիյանը, հայտնում է «Հետքը»:

Հայկազ Բաղմանյանին պատկանող գույքի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր։ Նշված անձինք հրավիրվել են վարչություն՝ ծանոթանալու հավաքագրված նյութերին և ստացված տվյալների վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու նպատակով։

Զարա Ադիյանը ընտանիքի անդամ չի հանդիսանում, սակայն համարվել է որոշ գույքերի իրական շահառու։

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. սեպտեմբերի 4-ին հաղորդել էր, որ 1999-2020 թվականների ընթացքում Հայկազ Բաղմանյանը, զբաղեցնելով պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է այդ ընկերության կառավարմանը։ Ընկերությունում փաստացի ունեցել է 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել Բաղմանյանի անվամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ դրամի շահույթ, որի՝ Հայկազ Բաղմանյանի փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն դրամ։ Բացի այդ, առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումները ամբողջությամբ փոխանցել է Հ. Բաղմանյանի անձնական հաշվեհամարին։

Այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակել, թե կոնկրետ որ գույքերն են դարձել ուսումնասիրության առարկա։ Պարզաբանվել է, որ շահագրգիռ անձինք, ծանոթանալով գործի նյութերին, կարող են ներկայացնել ապացույցներ և դիրքորոշումներ, ինչը կարող է փոփոխություններ առաջացնել ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում։

Leave a Comment