Արդյունաբերության վերլուծաբանների կարծիքով՝ եթե հաստատվի, որ Հորմուզի նեղուցը փակվել է, կամ նավթագազային ենթակառուցվածքների վրա հարվածները շարունակվում են, ամենամեծ ազդեցությունը կարող են կրել Ասիան և Եվրոպան, գրում է BBC-ն՝ իսրայալե-ամերիկյան և Իրանի հակամարտության ֆոնին:
Հատկապես մտահոգիչ է հեղուկացված բնական գազի մատակարարումը։ Կատարը ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցրել է դրա արտադրությունը՝ Իրանի կողմից իր օբյեկտներից մեկի վրա ենթադրյալ անօդաչու սարքի հարձակման պատճառով։
«Կատարյան հեղուկ գազին փոխարինող չկա: Եթե դադարեցումը երկարաձգվի, կամ առավել ևս ենթակառուցվածքները վնասվեն, ապա դա կնշանակի գազի շուկայի ավելի մեծ ցնցում, քան 2022 թվականին, երբ Ռուսաստանը դադարեցրեց Եվրոպա խողովակաշարային գազի մատակարարումը», – ասել է MST Financial ընկերության էներգետիկայի ավագ վերլուծաբան Սաուլ Կավոնիկը։
The Guardian-ը հավելում է՝ աշխարհի հեղուկացված բնական գազի մոտ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով, իսկ Կատարը իր արտահանվող գազի 90%-ը տեղափոխում է այդ նեղ հատվածով, որը գտնվում է Օմանի և Իրանի միջև։ Իրանի և Օմանի միջև գտնվող ծովային ճանապարհը՝ իր ամենանեղ հատվածում՝ ընդամենը 32 կմ լայնությամբ, անխուսափելի անցակետ է, որով աշխարհի նավթի մոտ 20%-ը դուրս է գալիս դեպի Հնդկական օվկիանոս և այնտեղից՝ աշխարհի մնացած հատված։
Փորձագետների խոսքով՝ Ասիայում առավել խոցելի երկրների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Թայվանը և Հարավային Կորեան։
Թեև Իրանը պաշտոնապես չի փակել նեղուցը, նավթային և նավագնացության ընկերությունների, ինչպես նաև նրանց ապահովագրողների շրջանում տիրող լարվածությունը այն աստիճան մեծ է, որ երթևեկությունը գրեթե կանգ է առել, հավելել է պարբերականը: Իրանը մարտի 2-ին հայտարարել էր, որ «կայրի ցանկացած նավ», որը կփորձի անցնել Հորմուզով։
Ծովային երթևեկության վիզուալիզացիան ցույց է տալիս, որ շաբաթավերջին նավերի հոսքը աստիճանաբար նվազել է, իսկ երկու կողմերում կուտակվել են տանկերներ, որոնք խարիսխ են նետել՝ սպասելով զարգացումների։
Լոնդոնում տեղակայված նավագնացության վերլուծական Lloyd’s List պարբերականի տվյալներով՝ նեղուցով անցնող բեռնանավերի թիվը օրական ավելի քան 50-ից կրճատվել է մինչև ընդամենը յոթ։
Ստեղծված քաոսի պայմաններում շաբաթավերջին նավթի մեկ բարելի գինը աճել է ավելի քան 10%-ով՝ անցնելով 80 դոլարը (60 ֆունտ), ապա փոքր-ինչ նվազել, հավելել է The Guradian-ը:
Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ երկարատև հակամարտության դեպքում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կարող է բարձրանալ մինչև 100 դոլար (75 ֆունտ)։
City Index ընկերության ավագ շուկայի վերլուծաբան Ֆիոնա Չինկոտան նշել է, որ մատակարարման վերաբերյալ մտահոգությունների պատճառով ԱՄՆ հում նավթի գինը կարող է հասնել 90 դոլարի, եթե նեղուցով երթևեկությունը չվերականգնվի։
Նավթի հոսքերը կարող են էլ ավելի սահմանափակվել տարածաշրջանում արդյունահանման և վերամշակման օբյեկտների վրա երկու կողմերի հարձակումների հետևանքով․ Թեհրանը մի շարք հարվածներով թիրախավորել է ԱՄՆ դաշնակիցների ենթակառուցվածքները։
Սաուդյան Արաբիայի պետական նավթային Aramco ընկերությունը մարտի 1-ի վաղ առավոտյան փակել էր երկրի արևելյան ափին գտնվող Ras Tanura նավթավերամշակման գործարանը, որը օրական մշակում է մոտ 550 հազար բարել, այն բանից հետո, երբ իրանական անօդաչուների խոցման արդյունքում ընկած բեկորները հարվածել են օբյեկտին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
