3 մարտի 2026 – 11:22 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ դատախազության կողմից պահանջվող գույքի գերակշիռ մասը պատկանում է իր գործարար եղբորն ու նրա ընտանիքին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նա հավելել է, որ գույքերը մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։
«Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։ Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում,- նշել է Մկրտչյանը։
Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորշվել ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն անելուց հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի, 2026թ․ հունվար ամսին տասն անգամ ավել թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 2026թ․ մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ թիվ է։
Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին»,- գրել է Մկրտչյանը։
Նա նշել է, որ հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իր սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։
«Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքի»,-գրել է նա:
Մկրտչյանը շեշտել է, որ հակակոռուպցիոն օրակարգը կարևոր նշանակություն ունի, սակայն այն պետք է իրականացվի օրենքի շրջանակում՝ հիմնվելով ամբողջական, ճշգրիտ և ստուգված տվյալների վրա։
ՀՀ դատախազությունը պահանջել է Լևոն Մկրտչյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 35 միավոր անշարժ և շարժական գույք, ինչպես նաև շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված հերթական հայցադիմումը։