Նարեկ Կարապետյանը խոսել է դեղերի գինը նվազեցնելու «Ուժեղ Հայաստանի» առաջարկների մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերից երրորդի մասին, որը նախատեսում է 20% ավելի էժան դեղորայք։

Նա նշել է, որ հարցումները, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի գնի հարցը քաղաքացիների հիմնական խնդիրներից է։ Նրա խոսքով՝ ամեն հինգերորդ քաղաքացին աղքատ է և հաճախ դե՞ղ, թե՞ հաց գնելու երկընտրանքի առաջ է կանգնում։

«Միջին տարիքի հայաստանցիները ստիպված են որոշում կայացնել․ գնում են դեղ իրենց առողջության համար, թե՞ սնունդ, հագուստ իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար»,- նշել է նա։

Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանում դեղերը գրեթե երկու անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, Եվրոպական Միության շատ երկրներում, Ռուսաստանում։

Դեղերի ոլորտում, առաջին խնդիրը ըստ Կարապետյանի, դրանց գրանցում է։ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ մինչդեռ Վրաստանում այդ դեղերի քանակը 8000 է։ Նա նշել է, որ Եվրոպայում գրանցված դեղերն ավտոմատ գրանցվելու են Հայաստանում։

Կարապետյանը երեք ճանապարհ է նշել դեղերի գնի նվազման համար․ ազատականացնել դեղերի շուկան, պետության կողմից գնված դեղը շրջանակային գին ունենա, որով բոլոր դեղատները կարող են օտարերկրյա գործարաններից գնել, իսկ երրորդը տեղայնացնելն է, տեղական արտադրություններ ստեղծելը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում արտադրվող դեղերը, դեղերի որոշ տեսակներ, վիտամինների որոշ տեսակներ, ամենաուշն են թանկանում: Տեղայնացումը, արտադրությունները լուծելու են Հայաստանում գների հարցը, մանրամասնել է նա։

Leave a Comment