Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ ուժեղ կառավարություն․ Տեր-Պետրոսյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն, հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այդ կառավարության առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ իր հաղթանակի պարագայում Կարապետյանը չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

«Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը»,- հավելել է նախկին նախագահը։

Փետրվարի 27-ին Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Կարապետյանն է: «Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- շեշտել էր նախկին նախագահը:

Leave a Comment