Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները՝ Իրանի օբյեկտներին hարվածելու համար. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ թույլ տալով ամերիկյան զինվորականներին օգտագործել Միացյալ Թագավորության՝ Մերձավոր Արևելքում գտնվող ռազմաբազաները՝ Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու համար:

«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը հրթիռները իրենց պահեստներում կամ արձակման կայանքներում ոչնչացնելն է: ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործել բրիտանական բազաները այս հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակի համար: Մենք որոշում ենք կայացրել բավարարել այդ խնդրանքը, որպեսզի թույլ չտանք Իրանին հրթիռներ արձակել ողջ տարածաշրջանի ուղղությամբ»,- ասել է Սթարմերը տեսաուղերձում:

Նա նաև հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է ուկրաինացի մասնագետների ներգրավել իրանական Shahed-136 դրոնները որսալու համար, ապա հավելել, որ Լոնդոնը նախկինի պես չի մասնակցում Իրանին հասցվող հարվածներին:

Իսկ Իսպանիան արգելել է

Ամերիկյան տասնհինգ ռազմական ինքնաթիռ լքել է Իսպանիայի բազաները, այն բանից հետո, երբ Մադրիդն արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքն Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով FlightRadar24 թռիչքների հետևման կայքի տվյալներին։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մադրիդը թույլ չի տա, որ իր ռազմաբազաները, որոնք Իսպանիայի ինքնիշխանության ներքո են, օգտագործվեն Իրանի դեմ հարվածների համար։

«Իսպանական բազաները չեն օգտագործվում այս գործողության համար և չեն օգտագործվի որևէ բանի համար, որը նախատեսված չէ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով կամ չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը», – ընդգծել է Ալբարեսը Telecinco հեռուստաալիքի եթերում։

Leave a Comment