Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված խնդիրների հարցում

Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված խնդիրների հարցում

2 մարտի 2026 – 18:32 AMT

PanARMENIAN.NetՌուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել հետագա քայլերի շուրջ՝ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտինԼ

«Այսօր առավոտյան մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն հարցերը, որոնք կապված են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգության հետ։ Պայմանավորվեցինք հետագա գործողությունների շուրջ՝ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք այս կապակցությամբ առաջացել են մեր միջև», — լրագրողներին ասել է Օվերչուկը Բաքու կատարած այցի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ Ադրբեջանի դիրքորոշումը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հարցում սկզբունքային է՝ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ մեղքով:

«Ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեղքով։ Մենք ակնկալում ենք, որ տվյալ փաստի առնչությամբ կընդունվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, կտրվի իրավական գնահատական և կվճարվեն փոխհատուցումներ»,-ասել էր նա:

Բաքվից Գրոզնի ուղևորվող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մերձակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ օդանավում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ողջ է մնացել 29 մարդ:

Դեկտեմբերի 27-ին ավիաընկերությունը պնդեց, որ ինքնաթիռը ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ դա են վկայում ավիավթարի պաշտոնական հետաքննության նախնական արդյունքները։

Leave a Comment