Ի՞նչ է անհրաժեշտ երեխային կրթվելու և ստեղծագործական կարողությունները զարգացնելու համար։ Անշուշտ, միջավայր, որտեղ սերն ու գիտելիքը ներդաշնակորեն միախառնված են։ «Արևիկ» հրատարակչության նորաբաց գրախանութը հենց այդ միջավայրն է։ Սա պարզապես գրախանութ չէ, այլ իսկական ստեղծագործական աշխարհ փոքրիկների համար։
Այսօր 40-ամյա պատմություն ունեցող «Արևիկ» հրատարակչությունը նոր մշակույթ է ձևավորում ոլորտում և նոր առաջարկներ է անում արդեն համանուն գրախանութի միջավայրում։
«Մի բան է ստեղծելը, երբ պահի էնտուզիազմը մղում է քեզ գործի, մեկ այլ բան է ստեղծածը պահպանելն ու շարունակելը։ Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ վիճակվեց ստանձնել հրատարակչական այս հարուստ գործունեության շարունակականությունը։ Մեր գրախանութում «վաճառք» հասկացությունը մղված է հետին պլան. մենք նպատակ ենք ունեցել ստեղծել նախևառաջ միջավայր։ Համոզված եմ, որ հենց միջավայրն է երեխային դեպի գիրքն ու ընթերցանությունը տանում։ Այդ մթնոլորտը պետք է փոխանցի հեքիաթի զգացողությունը։ Ես ապրում եմ այն փոքրիկների հայացքներով, ովքեր գալիս են ու երկար, հմայված նայում մեր ցուցափեղկերին»,– ասում է «Արևիկ» հրատարակչության և գրախանութի տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը։