Տարակարգ ստանալու համար  դիմած ուսուցիչների թիվը եռապատկվել է. Արաքսիա Սվաջյան

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում  շարունակվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացը․ ներկայում տարակարգ  ունի 1501 ուսուցիչ, որոնցից  867-ը` նոր կարգով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ  2022 թվականին  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է  ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը։

Ուսուցիչները  հնարավորություն են ստացել սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում միանգամից դիմելու  ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի  տարակարգի։ Մինչ այդ   տարակարգի  համար գործում էր աստիճանակարգության սկզբունքը․ չորրորդ աստիճանի համար անհրաժեշտ էր նախապես ունենալ առաջին, երկրորդ և երրորդ  աստիճանների տարակարգեր։  Յուրաքանչյուր աստիճանից  հետո  ուսուցիչը պարտավոր էր սպասել երեք տարի՝ հաջորդին դիմելու համար, և ընդհանուր առմամբ  շուրջ տասը տարի էր պահանջվում՝4-րդ աստիճանի տարակարգի հայտ ներկայացնելու հնարավորության համար։ Մինչ նոր կարգի ընդունումը չորրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչ չի եղել։

Փոխնախարարի խոսքով՝  երեք տարի է, ինչ փոխվել է տարակարգերի տրամադրման գործընթացը․ մշակվել են նոր պահանջներ և ընթացակարգեր։ Սկզբնական փուլում ուսուցիչների դիմելիությունը համեմատաբար ցածր էր, սակայն իրականացվել են իրազեկման և խրախուսման աշխատանքներ, դպրոցներին ուղարկվել են ուղեցույցներ՝  տարակարգի փաթեթների կազմման և ներկայացման վերաբերյալ։ Արդյունքում  արձանագրվել է  զգալի ակտիվություն․ տարակարգ ստանալու համար դիմած ուսուցիչների թիվը  եռապատկվել է։

«Նոր կարգով տարակարգ ստացած  867 ուսուցիչներից  195-ը ստացել է առաջին աստիճանի,  247-ը՝ երկրորդ,  286-ը՝ երրորդ, իսկ 139-ը՝ չորրորդ աստիճանի տարակարգ։ Տարակարգի տրամադրումը ենթադրում է աշխատավարձի  30- 50 տոկոս հավելավճար՝ կախված աստիճանից։ Ամենաբարձր՝ 50  տոկոս  հավելավճարը սահմանված է  չորրորդ աստիճանի համար»,-նշեց փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ։

Տարակարգի  գործընթացը ներդրվել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ներկայում տարակարգ ունի 90 նախադպրոցական մանկավարժական  աշխատող, որոնցից  86-ը՝ առաջին, 4-ը երկրորդ աստիճանի։ Եթե նախորդ տարիներին  հետաքրքրությունը  սահմանափակ էր , ապա այս տարի արձանագրվում է  ակտիվության աճ նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժների կողմից։

Փոխնախարարը կարևորեց   տարակարգի դերը ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգում։ Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորումը գնահատում է ուսուցչի առարկայական գիտելիքները, մինչդեռ տարակարգի տրամադրումը հնարավորություն է տալիս  գնահատելու մանկավարժական և մեթոդական հմտությունները, որոնք արդյունավետ դասավանդման հիմքում են։ Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի  համար պարտադիր է նաև կամավոր ատեստավորմանը մասնակցությունը և որոշակի արդյունքի ապահովումը։ Ըստ Արաքսիա Սվաջյանի,  այս պահանջը սահմանվել  ուսուցիչների  մասնագիտական զարգացման  և վարձատրության ծրագրերը փոխկապակցելու և շղթան ամբողջական դարձնելու նպատակով։

Առաջիկայում նախատեսվում է  ամբողջությամբ թվայնացնել նաև տարակարգի դիմումների գործընթացը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կգործի ուսուցիչների մասնագիտական զարգացման հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի առցանց ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը,   դասերի պլանները, պահանջվող այլ տվյալները՝ապահովելով գործընթացի առավել թափանցիկ և արագ իրականացումը։

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում ուսուցիչների մասնագիտական զարգացման երեք հիմնական ծրագիր է գործում ՝ կամավոր ատեստավորում, հերթական ատեստավորում և տարակարգի տրամադրում։ Ըստ փոխնախարարի՝ աշխատանքներ են տարվում նաև հերթական ատեստավորման գործընթացի բարելավման ուղղությամբ՝ նախատեսելով ներդնել կենտրոնացված և էլեկտրոնային դասընթացների համակարգ՝ վերապատրաստումների որակը բարձրացնելու նպատակով։

«Թվարկված բոլոր փոփոխությունների նպատակը ուսուցիչների ակտիվության խթանումն ու կրթության որակի  բարձրացումն է»,- եզրափակեց Արաքսիա Սվաջյանը։

Leave a Comment